Հայաստանում կհիմնադրվի ադամանդագործության ոլորտի պետական ընկերություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը մտադիր է հիմնադրել ադամանդագործության ոլորտի պետական «Հայ-Ալմաստ» ընկերություն: Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումն կավելանան՝ հասնելով տարեկան միջին հաշվով 150 մլն դոլլարի։ Այս մասին որոշումը ՀՀ կառավարության այսօրվա նիստում չի քննարկվել եւ չի զեկուցվել:

Պարզվում է՝ Հայաստանում ադամանդագործության զարգացումը մշտապես պայմանավորվել է ալմաստի հումքի աշխարհում թիվ մեկ արդյունահանող ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Բայց վերջին 10 տարում ՌԴ «Ալռոսա» ընկերության կողմից ալմաստի հումքի իրացման քաղաքականությունում կատարված էական փոփոխությունների հետևանքով արդյունավետ հումքը վաճառվում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, հայկական ընկերություններն ըստ էության զրկված են ՙԱլռոսա՚ ընկերությունից արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից, քանի որ չեն համապատասխանում Ալռոսայի կողմից սահմանված չափանիշներին։

Խնդիրն այն է, որ Ալռոսայի հետ երկարատև համագործակցության պայմանագիր կնքելու համար ադամանդ մշակող ընկերությունը պետք է ստանձնի յուրաքանչյուր ամիս որոշակի քանակով հումք ձեռք բերելու պարտավորություն։ Իսկ տեղական ձեռնարկություններն առանձին-առանձին ի վիճակի չեն յուրաքանչյուր ամիս սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ալռոսա» ընկերության հետ նախնական բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց համար առավել ընդունելի է եղել պետական մասնակցությամբ ընկերության հետ համագործակցությունը։ Այսինքն նորաստեղծ ընկերությունը հնարավորություն կունենա գնել և այն վաճառել տեղական արտադրողներին. ընկերությունն իրականացնելու է ֆինանսական միջնորդության գործառույթ, ինչն էլ կամրագրվի կանոնադրությամբ։

Մասնավորապես, նոր ստեղծվող ընկերությունը պայմանագրեր կկնքի ՀՀ տարածքում գործող ադամանադագործական ընկերությունների հետ եւ կկազմակերպի հումքի զննում «Ալռոսա» ընկերությունում։ Ի դեպ, ադամանդագործական ընկերություններին մատուցած միջնորդական ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճարի չափ:

Ս.Հ.




Լրահոս