ՀՀ-ն կդադարի օգտվել Եվրամիության GSP+ ռեժիմից. նոր փոփոխություն հունվարի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ից Հայաստանի համար կդադարի գործել Եվրամիության GSP+ ռեժիմը: ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կլինեն հունվարի մեկից:

Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, որը Երևանի համար գործում էր 2009թ. հունվարի 1-ից: Մասնավորապես, այս համակարգը ցածր ու ցածր-միջին եկամտով երկրներին թույլ է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ արտահանել Եվրամիության շուկա՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Իսկ այսպիսի որոշման պատճառն այն է, որ դեռևս 2012թ. Եվրամիության կողմից ընդունվել էր կանոնակարգ, ըստ որի, եթե երեք տարի անընդմեջ Համաշխարհային բանկը GSP+-ից օգտվող երկրին ճանաչում է միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող պետություն, ապա երկիրը զրկվում է Բրյուսելի սահմանած արտոնյալ առևտրային ռեժիմից։ Հայաստանը 4-րդ տարին անընդմեջ Համաշխարհային Բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։  Դասակարգումները իրականացվում են բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հիման վրա՝ ընթացիկ ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա համեմատ։

Սա նշանակում է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից ՀՀ-ն կդադարի օգտվել Եվրամիության GSP+ առևտրային արտոնությունից, սակայն կշարունակի գործել MFN դրույքները, որոնք նույնպես նախատեսում են մաքսատուրքերի դրույքների նվազեցում: ՀՀ-ն օգտվում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի GSP համակարգից, ինչպես նաև ԵՄ-ի GSP+ համակարգից՝ ապրանքների արտոնյալ մուտք ունենալով ԵՄ շուկա:

Հայաստանից բացի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում են ևս 57 երկիր,այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը։ Հայաստանի ցուցանիշը 4200 ԱՄՆ դոլար է, Ռուսատանինը՝ 10700, Թուրքիայինը՝ 9100, Ադրբեջանինը՝ 4500, իսկ Վրաստանինը՝ 4300։

Հավելենք, որ  արտահանման ցուցանիշով Եվրամիությունը Հայաստանի արտահանման երկրորդ խոշոր շուկան է ԵՏՄ-ից հետո։ Վիճակագրության համաձայն այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի արտահանումը Եվրամիություն կազմել է շուրջ կես միլիարդ դոլար կամ հայաստանյան ողջ արտահանման գրեթե 23 տոկոսը։

Նախորդ նյութը՝ այստեղ

Ն.Հ.




Լրահոս