Վարդենիսում այսօր` հունվարի 5-ին, տեղի է ունենալու նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել համայնքապետարանի շենքի ե΄ւ ներսում, ե΄ւ դրսում:
Նշենք, որ երեկ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկեց ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է: Նկատենք՝ 27 հոգանոց ավագանիում ՔՊ-ն ունի 13 մանդատ, ինչը բավարար չէ համայնքապետ ընտրվելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 30-ին պետք է կայանար Վարդենիսի ավագանու առաջին նիստը, սակայն այն դեռ չսկսված տեղի էր ունեցել վիճաբանություն ավագանու անդամների միջև: