ԳՐԱՎԱՏՆԵՐԻՑ ՎԱՐԿԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձեւով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

 

Օրենքի նախագիծը վերաբերում է անկանխիկ գործառնությունների դաշտի ընդլայնմանը: Օրենքը հիմնականում դրույթներ է սահմանում, որով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների համար անկանխիկ գործառնությունները դառնան ավելի մատչելի, դրանք ավելի մասսայական կիրառվեն: «Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ եւ մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել ծառայություններ եւ ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, եւ բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները եւ պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-ասել է Ն. Երիցյանը:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն ասել է. «Օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի: Այսինքն՝ քաղաքացին կանխիկով է վճարում, թե այլ վճարային միջոցներով, իր համար չպետք է գնի փոփոխություն լինի: Մնացածը միջնորդավճարներ են. դրվել է դրույթ, որ ԿԲ-ն կարող է սահմանել վերին եւ ներքին շեմ, մեթոդաբանություն, կարգ, կարգավորում մտցնել գների մեջ, որոնք հընթացս մենք կիրականացնենք»:

Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ եւ ավել տրամադրվող վարկերը: Հիմնական զեկուցող չառարկեց առաջարկներին:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները եւս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նախագծին դեմ է արտահայտվել՝ նշելով, որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: «Եթե դու հաշվին ես փոխանցում գումարը, եւ իմ բանկոմատը չկա, այլ բանկոմատից օգտվելու դեպքում ես տուժում եմ»,-ասել է նա: Քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Ն. Պ.

 

 

ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ

Դատարաններում գործերի մակագրման դեպքով ուշագրավ զագացումներ են. ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ԱԱԾ տնօրենին:  Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն մուտք էր գործել դատական համակարգ եւ առգրավվել էր դատական գործերի մակագրման սերվերը, եւ արդեն 6 ամիս է, ինչ մակագրման սերվերը գտնվում է ԱԱԾ-ում, եւ քրեական գործով պայմանավորված՝ ԱԱԾ-ն մակագրման սերվերը չի վերադարձնում դատական համակարգին: Արդյունքում մակագրման գործընթացը տեղի է ունենում ձեռքով, ինչը դատական համակարգը համարում է անթույլատրելի: Բանն այն է, որ դատավորները ահազանգում են, որ քաղաքական իշխանությունները աղմկահարույց քրեական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին եւ այդ ճանապարհով կարողանում են քաղաքական իշխանությունների աչքը մտնել, թե դատական համակարգը վերահսկողության տակ է: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն մակագրման սերվերի վերադարձման մասով դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

Մասնավորապես՝ ԲԴԽ-ից մեզ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում կրկին լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ծրագրի սերվերի մուտքի եւ կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին դիմելու եւ պարզաբանումներ ստանալու հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ, որի արդյունքում, 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գրությանն ի պատասխան, դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործով նշանակված է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքները դեռեւս չի ստացվել: Ասել է թե՝ համակարգչային մակագրման սերվերը ԱԱԾ-ն չի պատրաստվում դեռեւս վերադարձնել դատական համակարգին:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

Հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

 

 

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՓԱԿՎԵԼ Է

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչները դժգոհել են, որ 2021թ. դեկտեմբերի 20-ից  փակվել է գյուղում գործող Հայփոստի բաժանմունքը, շուրջ 1400 բնակիչ ունեցող գյուղի բնակիչները կիլոմետրերով ճանապարհ են կտրում, հասնում հարեւան Բաղանիս գյուղի գյուղապետարանի շենքի առաջին հարկում գործող Հայփոստի բաժանմունք, որպեսզի մուծեն սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի համար, ստանան կենսաթոշակների գումարները, նամակներ եւ ծանրոցներ ուղարկեն կամ ստանան։  Բաղանիսում այժմ   աշխատում է Ոսկեվանի բնակչուհի, Հայփոստի այն աշխատակցուհին, որն աշխատում էր Հայփոստի Ոսկեվանի բաաժանմունքում։ Ոսկեվանում փոստային բաժանմունքի փակվելու պատճառ է նշվում այն, որ այն գործում էր հին շենքում անբարեկարգ պայմաններում։

Հայփոստը կարող էր հարցը լուծել՝ Ոսկեվանի մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում  տարածք վերցնելով եւ այնտեղ փոստային բաժանմունք կահավորելով  կամ Ոսկեվանում Հայփոստի շարժական տնակ տեղադրելով։ Հայփոստի աշխատակցուհին կարող է  շաբաթվա կեսն աշխատել Ոսկեվանի, կեսը՝ Բաղանիսի բաժանմունքներում։ 2004թ. Հայփոստը հավատարմագրային կառավարմանն է հանձնվել արգենտինահայ գործարար, 2017 թվականին   ազգային հերոսի  կոչման արժանացած Էդուարդո էռնեկյանին պատկանող ընկերությանը։ 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքում Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար ընտրված Արսեն Աղաբաբյանին հարցրի, թե ինչպես է լուծվելու Ոսկեվանի փոստային  բաժանմունքի խնդիրը։ Նրա խոսքով՝  Հայփոստի տնօրինության հետ համագործակցելով, բաժանմունքի  գործունեության համար տարածք հատկացնելով՝ Ոսկեվանի փոստային բաժանմունքը կվերաբացեն։

 

 

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ 1,7 ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵԼ Է

Դեկտեմբերի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտարարել է, որ 2021թ. Տավուշի մարզում  կատարվել է 2402 հեկտար աշնանացան, որից 350-ը՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում։ 2020 թվականի աշնանը Տավուշի մարզում կատարվել է 1853 հեկտար աշնանացան, իսկ 2018 թվականին՝ 4150.4 հեկտար աշնանացան։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին՝ վերջին 3 տարում, Տավուշում աշնանացանի ցուցանիշը նվազել է 1,7 անգամ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս