Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, թե պատրաստ է քննարկել Ռուսաստանի առաջնորդի` Վլադիմիր Պուտինի դեմ անձնապես պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի տարածք:
Լրագրողի հարցին՝ Դուք ինքներդ երբեւէ պատժամիջոցներ կսահմանեք արդյոք նրա նկատմամբ, Բայդենը դրական պատասխան է տվել։ Ավելին՝ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ կարող է արագացնել 8,5 հազար ամերիկացի զինվորների գործուղումը Եվրոպայի արեւելյան երկրներ, միաժամանակ կրկին ընդգծել, որ այդ ուժերը տեղակայվելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում եւ Ուկրաինայի նկատմամբ հնարավոր ագրեսիային չեն մասնակցելու:
«Այդ ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել, եւ ես հստակ փոխանցեցի նախագահ Պուտինին, որ մենք սուրբ պարտականություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների առջեւ: ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր չպետք է կասկածի, որ մենք՝ դաշինքով պատրաստ ենք ցանկացած անդամի պաշտպանության»,- հայտարարել է նախագահը:
Մոսկվայում ամենից կոշտը արձագանքում են անձամբ Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցներին: Թեեւ Ռուսաստանի իշխանություններն ու նրանց մերձավոր գործարարները պարբերաբար հայտնվել են արեւմտյան երկրների սեւ ցուցակներում, սակայն անձամբ նախագահը ցանկում չի եղել:
Մինչ օրս Վաշինգտոնը նման քայլի է դիմել բռնապետական կոշտ կառավարմամբ հայտնի առաջնորդների` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի դեպքում: Արձագանքելով այս շարքում նաեւ Վլադիմիր Պուտինին դասելու հնարավորությանը` նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն երեկ ասել է` դա կլինի քաղաքականապես ապակառուցողական քայլ, բայց ոչ ցավոտ:
«Ամերիկացի գործիչները, որոնք խոսում են Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին, բավարար փորձագիտական գիտելիքներ չունեն այս հարցի վերաբերյալ», – ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, թե մինչեւ այս շաբաթվա վերջ Վաշինգտոնից գրավոր պատասխան է սպասում անվտանգության երաշխիքների շուրջ իր առաջ քաշած պահանջներին: Դրանց թվում Մոսկվան պահանջում է Նահանգներից երաշխավորել, որ Ուկրաինան եւ Վրաստանը երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Երեկ Պետդումայում ունեցած իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նոր նախազգուշացում է տվել Վաշինգտոնին. «Եթե կառուցողական պատասխան չլինի, եւ Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Մոսկվան, ինչպես ասել է նախագահ Պուտինը, կդիմի պատասխան քայլերի»:
Թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը, Լավրովը չի հստակեցրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության «օրինականորեն ամրագրված երաշխիքներ» մշակելու համար միջազգային բանակցություններ «հրատապ» եւ «անհապաղ» սկսելու անհրաժեշտության մասին. ասված է երկու օտարերկրյա առաջնորդների հետ Պուտինի հեռախոսազրույցների մասին Կրեմլի տարածած հաղորդագրությունում։
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի, այնուհետեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, երաշխիքները, ըստ Պուտինի, պետք է «բացառեն դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ցանկացած առաջխաղացում եւ զենքի տեղակայում Ռուսաստանի հարեւան երկրներում, առաջին հերթին՝ Ուկրաինայում:
Ինչ վերաբերում է Մոսկվայի բարձրաձայնած անվտանգության երաշխիքներին, ավելի վաղ այս մասին հրապարակավ հայտարարել էր անձամբ Պուտինը, ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հայտնվել էր փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին Ռուսաստանի պահանջները։ Ընդ որում՝ Մոսկվայի այս պահանջներին զուգահեռ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժեր է կուտակել, ինչը Կիեւում եւ Արեւմուտքում սպառնալիք են համարում, ավելին՝ Արեւմուտքը հայտարարում է, որ Կրեմլը կարող Է նոր լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ առաջիկա ամիսներին։
Ն.Հ.
ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Համբարձում Մաթեւոսյանը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան եւ բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։ Դեսպան Սվենսոնը կարեւորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԻՃԵՑԻՆ
ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որում քննարկվում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը, վիճաբանություն տեղի ունեցավ, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Ռուբիկ Հակոբյանը Սիսակ Գաբրիելյանին մասնավորապես ասաց. «Ձենդ կտրի՛ր, վե՛ր ընկիր տեղդ»: Նա շեշտեց, որ ինքը գիտի, թե ինչ է պահանջում կանոնագիրքը, իրավունք չունեն իրեն ընդհատելու: Հակոբյանն այլ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Սիսակ Գաբրիելյանի հասցեին, իշխանական պատգամավորների հասցեին, որոնց վիրավորական ձեւով պատասխանեց նաեւ Սիսակ Գաբրիելյանը, որից հետո Գաբրիելյանը կանգնեց, մոտեցավ թեկնածուին, նրանք սկսեցին միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անել: Լարվածությունը թուլացնելու համար միջամտեցին նիստին ներկա մյուս պատգամավորները:
ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ում հրապարակված՝ վարչապետի համապաստասխան որոշումից: Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2018-ի հունիսի 1-ին:
ԿԱՐԱԳԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Կարագի գները միջազգային շուկայում բավականին բարձրացել են: ArmLur.am-ը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 18-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 6.1 դոլարով: Այն հունվարի 4-ի դրությամբ կազմել է 5.8 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 7-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 5.7 դոլար: Տեղական շուկայում կարագի բարձր գնից քաղաքացիները շարունակում են դժգոհել. այսօրվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է ավելի քան 4400 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը հասնում է 9 դոլարի՝ միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 3 դոլարով ավելի:
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի՝ 2021թ. նոյեմբերի 2-ի հանձնարարականով՝ պետական մարմիններին հանձնարարվել է գույքագրել իրենց գործունեության ոլորտին առնչվող կառավարության որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:
Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչեւ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ հանձնարարականի` նշված ժամկետից հետո թույլատրելի չեն համարվելու այդ թվում նաեւ մինչ այժմ ընդունված, սակայն համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը:
Եվ նշված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից վեր են հանվել կառավարության մի շարք որոշումներ, որոնցում պետք է կատարվեն փոփոխություններ իրավական հիմքը հստակեցնելու առումով: Նշված որոշումներով կարգավորվող հարաբերություններն առնչվում են գնումների կազմակերպման գործընթացին, հետեւաբար դրանց համար առաջարկվում է համապատասխան իրավական հիմք նախատեսել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այս նախագիծը դրվել է հանրային քննարկման: