ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՈՂՄՆԱԿԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին, եվրոպական երկրներն իրար հետեւից հայտարարություններ են անում ու հայտնում Ռուսաստանի Դաշնության հանդեպ սանկցիաների մասին: Իրավիճակը հատկապես սրվեց փետրվարի 24-ի առավոտյան, երբ Վլադիմիր Պուտինն արդեն բացահայտ հայտարարեց հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այսինքն՝ միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր եւ հայտարարում է կապերը խզելու մասին, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը նման աջակցություն չստացավ, եւ Ադրբեջանի հանդեպ նման լուրջ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք: Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները առնչվում են ռուսաստանյան ընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց: Երեկ եւս ՌԴ հանդեպ պատժամիջոցների մասին նոր հայտարարություն եղավ: Ըստ այդմ, Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ նույն միջազգային հանրությունը չէր շտապում այդպես արագ պատժամիջոցներ կիրառել կամ ագրեսոր համարել Ադրբեջանին: Այդ շրջանում միջազգային հանրության կողմից ավելի շատ երկու կողմերին զսպող հայտարարություններ էին արվում, Ադրբեջանի կամ Թուրքիայի հանդեպ շատ քիչ կառույցներ կամ երկրներ պատժամիջոցներ կիրառեցին: Օրինակ՝ Նիդեռլանդների խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերին հայտարարեց, թե մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիեւայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաեւ հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

 

 

 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն այս օրը, Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որում իր «վճռական բողոքն էր արտահայտում անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ»: Այն ժամանակ, հիշեցնենք, վերոնշյալ պաշտոնը Տիրան Խաչատրյանն էր զբաղեցնում: Մի քանի տասնյակ զինվորականներ հիշյալ հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջել՝ նշելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Թե ինչ համբերություն նկատի ունեին զինվորականները, որոնցից շատերն, ի դեպ, մինչեւ այժմ էլ պաշտոնավարում են ՀՀ ԶՈւ-ում, խիստ անհասկանալի է: Ո՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, եթե ցայօր հանդուրժում են մի մարդու, ում մի տարի առաջ ասում էին, թե «նրա իրականացրած անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ԳՇ պետ է ազատում պատոնից, իր քիմքին հաճելի նոր նշանակումներ անում, բայց սպայական ուսադիր կրողները խիստ անհասկանալի նշանակումների հետ ասես առավել քան հաշտ են:

 

 

 

Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ քաղաքական  իշխանությունները  մարզային դատարանների նախագահների  միջոցով կանխել են  որոշ  դատավորների  ներկայությունը  այսօրվա  կայանալիք  դատավորների  ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից  մոտ 60-նն է ներքին կարգով  ասել, որ հետ  չեն կանգնի իրենց ստորագրությունից: Ստացվում  է՝ եթե դատավորների ժողովին 60 դատավորր ներկա  գտնվեց, ապա ժողովը չի կայանա: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Եվ, ահա, այսօր  դատավորների ժողով  է լինելու, որին 93 ստորագրահավաք իրականացրած դատավորներից շատերը հետ  են կանգնել, եւ ընդամենը մոտ 60 դատավոր  է  ասել, որ կգան ժողովին:

 

 

 

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարները, որոնք արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում: Մասնագետների կանխատեսմամբ՝ վերջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով արտահանման ծավալները կարող են էականորեն նվազել: Բնականաբար, արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս եւ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, որոնք որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ: Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, որոնք ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում: Մյուս կողմից՝ եթե այսպես շարունակվի, ապա դա նշանակում է նաեւ, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա: Բացի այս, մասնագետների խոսքերով՝ ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում:




Լրահոս