Ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման իրավունքի՝ օրեր առաջ արցախցիները Ստեփանակերտում խաղաղ ակցիա էին իրականացրել: Նախաձեռնողն Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևն էր:
Կուսակցության ներկայացուցիչների համար Ռուսաստանի կողմից տվյալ հանրապետությունների անկախության ճանաչումը ողջունելի է ու հուսադրող, որ հաջորդիվ կարող է նաև Արցախի Հանրապետությունը ճանաչվել:
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է, որ Ռուսաստանը, ճանաչելով Դոնբասի երկրների անկախությունը, ուղղակի կանխել է այն աղետը, որ կարող էր տեղի ունենալ: Ինչը, հավելում է, չարվեց Հայաստանի իշխանության կողմից Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում:
Արցախի փշրված անկախությունը հավաքելու համար, ըստ պատգամավոր Հակոբյանի, նախ պետք է կարողանալ պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր խլեցին մեր հայրերի ու եղբայրների արյան գնով վաստակած անկախութունն ու նվիրեցին թշնամուն:
Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ Արցախում վերջերս շատ են ակտիվացել հակառուսական տրամադրությունները, ինչն իրենց համար խիստ անթույլատրելի է, քանի որ լա՛վ են հասկանում ռուս խաղաղապահ զորքերի իրականացրած խաղարարար դերն ու նշանակությունը:
Սևակ Վարդումյան