«ՄԵՆՔ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՄԵԾ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

 

 -Պարո՛ն Վանեցյան, հարցերը, որոնց շուրջ այսօր կցանկանայի զրուցել Ձեզ հետ, հիմնականում Հայաստանի եւ Արցախի անվտանգային եւ արտաքին քաղաքական խնդիրներին են առնչվում: Բայց այսօր անվտանգային լրջագույն խնդիրներ կան նաեւ մեր սահմաններից դուրս, որոնք միգուցե անդրադարձ ունենան նաեւ մեզ վրա: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում եւ ՌԴ-Արեւմուտք հարաբերություններում, եւ ինչպե՞ս կարող են դրանք ազդել մեզ վրա:

-Վերջին ամիսներին հատկապես սրվող Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը, ցավոք, չհաջողվեց լուծել խաղաղ ճանապարհով: Մենք դեռ պատերազմի հետեւանքները լրիվ չհաղթահարած ժողովուրդ ենք եւ բոլորից լավ ենք հասկանում, թե պատերազմն ինչ մեծ չարիք է: Ես առաջին հերթին ուզում եմ ցավակցություններս հայտնել երկու կողմերի զոհերի ընտանիքներին ու հարազատներին:

Այն վիճակը, որն ունենք այսօր, մտահոգիչ է բոլորիս համար։ Բայց մենք պիտի հասկանանք կամ փորձենք հասկանալ նաեւ այս ամենի պատճառները։ Միջպետական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, շատ նման են միջանձնային հարաբերություններին, եւ երբ պետությունները միմյանց հետ շփումներում, բանակցություններում կորցնում են հարգանքի, իրար հասկանալու, ականջալուր լինելու թելը, արդյունքներն աղետաբեր են լինում։ Կոնկրետ իրավիճակում որեւէ մեկի համար գաղտնի՞ք էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Ռուսաստանին՝ որպես թշնամի դիտարկելը բերելու է իր արձագանքը։ Ու՞մ համար դա պարզ չէր։ Իհարկե, լավ կլիներ, եթե հնարավոր լիներ իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով, բայց այդտեղ էլ պիտի դիմացի կողմի, նրա անվտանգային առաջնահերթությունների նկատմամբ հարգանքը լիներ, բայց ի՞նչ ունեցանք այդ ամենի փոխարեն։ Անգամ Ռուսաստանի կողմից առաջ քաշված այդ անվտանգային երաշխիքների վերաբերյալ առաջարկները, մեղմ ասած, արհամարհվեցին։ Պարզ է, որ սա որեւէ լավ հանգրվանի չէր բերելու։

Մյուս կողմից, տարիներ շարունակ Ուկրաինայի ներսում տեղի ունեցող զարգացումները, պաշտոնական Կիեւի կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ ռազմական, Լուգանսկի, Դոնեցկի նկատմամբ չէին կարող առանց արձագանքի, առանց հետեւանքների մնալ։ Այսինքն՝ այն իրավիճակը որ մենք ունենք այսօր, երկար գործընթացի արդյունք է, բավական կանխատեսելի արդյունք, որտեղ Արեւմուտքը՝ իր հերթին, Ուկրաինայի իշխանությունները իրենց հերթին որեւէ կերպ քայլեր չեն ձեռնարկել, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ կառուցել՝ ի բարօրություն ժողովուրդների։ Փոխարենը նրանք բերեցին, հասցրին այս փակուղուն եւ այսօրվա իրավիճակին։

-Ինչպե՞ս կարող է անդրադառնալ այսօրվա իրավիճակը մեզ վրա:

-Անդրադառնալով մեզ վրա հնարավոր ազդեցություններին՝ հստակ կարող ենք փաստել՝ Ուկրաինայում այսօր տեղի ունեցող զարգացումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեզ վրա: Նախ, դրանցում անմիջականորեն ներգրավված կողմը մեր ռազմավարական դաշնակից պետությունն է, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ մեզ այսքան մոտ տարածաշրջանում  նման մասշտաբների հասնող զարգացումները նախադրյալ կարող են հանդիսանալ նաեւ Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար: Ի վերջո, 44-օրյա պատերազմից հետո մեր կոնֆլիկտը չի լուծվել, ավելին՝ մենք նոր սահմանային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ արդեն անմիջականորեն ՀՀ մասով, եւ առնվազն չի բացառվում, որ հակառակորդը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից ինչ-որ՝ թեկուզեւ փոքր, լոկալ խնդիրներ լուծելու համար: Եվ այսօր արդեն առավել քան տեսանելի է հակառակորդի այդ գործելաոճը։ Միայն վերջին օրերին մենք բավական շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում եւ՛ Արցախում թշնամու սադրիչ գործողությունների, եւ՛ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին, որի հետեւանքով, ի դեպ, զոհ եւ վիրավորներ ունենք։ Զուգահեռ Բաքվից ու Անկարայից ամենաբարձր մակարդակով շարունակվում է հակահայկական հռետորաբանությունը, նորից խոսում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանից փոխհատուցումներ ստանալու եւ այլն։ Ի՞նչ է սա, եթե ոչ ստեղծված իրավիճակից հնարավոր օգուտներ քաղելու փորձ հակառակորդի կողմից։ Ի դեպ, նշեմ, որ այս տեսանկյունից եւս առկա վիճակը բավական կանխատեսելի էր, եւ պետք էր դրան պատրաստ լինել։

-Պարո՛ն Վանեցյան, կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ ռուս-ուկրաինական այս զարգացումներն արդեն զգալի են մեզ վրա, դրանք նոր մարտահրավերների առաջ են մեզ կանգնեցրել: Է՞լ ինչ խնդիրներ եք տեսնում այստեղ:

-Իհարկե, այս ամենը լուրջ խնդիրներ է ստեղծում մեզ համար, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ այս իշխանությունները վճռական պահերին, մեղմ ասած, անհասկանալի որոշումներ կայացնելու մեծ փորձ ունեն։ Սա՝ ինչ վերաբերում է գլոբալ զարգացումներին։ Բայց ես կուզեի անդրադառնալ նաեւ այս ամենից ածանցյալ մի շարք այլ հարցերի։  Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին մեր կառավարության անտարբերությունը  սփյուռքի մեր հայության, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքացիների նկատմամբ։ Մինչեւ այսօր մենք չունենք հստակություն, թե ինչ քայլեր է ձեռնարկել մեր արտգործնախարարությունը Ուկրաինայում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչ քայլեր են ձեռնարկել սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը եւ մյուս պատկան մարմինները մեր հայրենակիցների խնդիրները լուծելու ուղղությամբ։ Չունե՞նք արդյոք մտավախություն, որ այս ամենն իր անդրադարձը կունենա, այդ թվում՝ սփյուռքի հետ մեր հարաբերություններում, սփյուռքի կողմից մայր հայրենիքի նկատմամբ վստահության խնդիրների հետ կապված։ Փոխարենը, մենք ամենօրյա կտրվածքով խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայի հայերից՝ դեսպանատան արձագանքի, նրանց աշխատանքի մասին։ Սա պարզապես անթույլատրելի կեցվածք է եւ պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսեւորում։

Մյուս կողմից, այս զարգացումների հետեւանքով մենք արդեն ականատես ենք լինում Հայաստան ժամանողների մեծ հոսքի։ Հասկանում ենք, չէ՞, որ սա եւ՛ մեծ պատասխանատվություն է մեր պետության համար, եւ՛ մեծ հնարավորություն ճիշտ կազմակերպելու պարագայում։ Ի՞նչ են անում համապատասխան մարմիններն այս ուղղությամբ։ Ի դեպ, բարձրաձայնածս խնդիրները մի մասն են միայն, շատ ավելի խորքային խնդիրներ ունենք, որոնց լուծման ուղղությամբ մոտեցումներ, քաղաքականություն չունենալը, ռիսկեր չգնահատելը, ցավով պիտի նշեմ, բայց պետության տոտալ բացակայության մասին են վկայում։ Եվ այս ամենը չի սահմանափակվում միայն անվտանգային խնդիրներով, այն հասնում է մինչեւ տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի վրա այսօր եղած պատժամիջոցները, դրանց ազդեցությունը մեր տնտեսության վրա եւ այլն։

-Փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրվեց հռչակագիր մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Ի՞նչ էր սա, եւ ի՞նչ սպասել այս զարգացումներից:

-2018-ի իշխանափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականությունը շատ է փոխվել: Փոխվել են նաեւ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, եւ վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է: Շեշտեմ՝ հերթական, որովհետեւ նման «արձանագրումներ» մենք նախկինում էլ ենք տեսել, եւ, անշուշտ, կտեսնենք նաեւ ապագայում, եթե Հայաստանում շարունակեն իշխանության մնալ այս ուժերը:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք շատ անգամ ենք հայտարարել, որ Փաշինյանն ու իր թիմը պիտի հեռանան, որ հաջորդ բանակցողի համար աշխատելու դաշտ ու հնարավորություններ մնան։ Այս մեկուկես տարվա ընթացքում մենք համոզվում ենք, որ օր օրի այդ հնարավորությունները նվազում են։ Ես Ձեզ հարց եմ տալիս՝ վստա՞հ եք, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին Մոսկվայի մտադրությունից՝ Ադրբեջանի հետ հռչակագիր ստորագրելու։ Անձամբ ես չունեմ վստահություն, որ Հայաստանին՝ որպես դաշնակից, տեղյակ են պահել, աշխատել, ներկայացրել իրավիճակը։ Ինչի՞ մասին է սա վկայում… Եվ ասեմ ավելին՝ այս հանգամանքը ես շատ ավելի մտահոգիչ ու լուրջ եմ գնահատում, քան այն ամենը, ինչի մասին այսօր խոսվում է մեդիա դաշտում։ Բայց միաժամանակ չմոռանանք նաեւ, որ նույն այդ հռչակագիրն ինչ-որ իմաստով նաեւ զսպաշապիկի դեր կարող է խաղալ Ադրբեջանի՝ դեպի Թուրքիա ավելի մեծ սերտաճումը կանխելու տեսանկյունից: Սա եւս կարեւոր հանգամանք է:

-Մինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրում, մենք «խաղաղության դարաշրջան» ենք բացում, եւ ակտիվ տեմպերով զարգանում է հայ-թուրքական երկխոսությունը: Ինչ-որ բան այստեղ արդեն տեսանելի՞ է Ձեզ:

-Ես մի քանի անգամ տարբեր ձեւաչափերով անդրադարձել եմ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությանը: Ասում եմ «այսպես կոչված», որովհետեւ իրականում երկխոսության այնտեղ չկա. այն Թուրքիայի օրակարգն է՝ բացառապես եւ ամբողջապես, եւ ՀՀ-ն՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, հլու հնազանդ առաջ է տանում եւ կյանքի է կոչում այս օրակարգը: Հենց այստեղից էլ գալիս է գլխավոր խնդիրը՝ մեր շահերը որեւէ կերպ ներկայացված ու պաշտպանված չեն այս գործընթացում:  Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ չնայած այս իշխանությունները փորձում են գործընթացը բաց ու թափանցիկ ներկայացնել, իմիտացիա են անում նման գործընթացի, բայց իրականում մենք գործ ունենք խիստ գաղտնի, քողարկված պրոցեսների հետ: Արդեն երկու հանդիպում ենք ունեցել ներկայացուցիչների մակարդակով, բայց դրանց արդյունքում որեւէ բովանդակային տեղեկություն մեզ չի մատուցվել, արվել են զուտ արարողակարգային բնույթի հայտարարություններ: Ինչի՞ շուրջ են «բանակցում» Փաշինյանն ու Էրդողանը՝ անհայտ է: Ցավոք, այս իշխանությունները մեր հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների գնալու հարուստ փորձ ունեն, եւ ես չգիտեմ, թե վերջում մեզ ինչ արդյունքի, ինչ փաստի առաջ են կանգնեցնելու: Կարեւոր եւ ուշադրության արժանի խնդիր է նաեւ այն, թե հայ-թուրքական գործընթացն այսօր, ի վերջո, առանց միջնորդների՞ գործընթաց է, թե՞ այստեղ կա միջնորդ կամ միջնորդներ, եւ ովքեր են նրանք: Սա շատ կարեւոր է հատկապես այսօր ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Անշուշտ, խոսելով բուն գործընթացի մասին՝ չենք կարող չանդրադառնալ այդքան չարչրկված նախապայմանների թեմային: Փաշինյանն ու իր թիմը վստահեցնում են, որ նախապայմաններ չկան, առանց նախապայմանների ենք հարաբերություններ կարգավորում, բայց պրոցեսները, իրադարձությունները այլ բանի մասին են վկայում: Անկարայից ու Բաքվից չեն դադարում հնչել այդ նախապայմանները, ավելին՝ չնայած այն հանգամանքին, որ թուրքական կողմը հրապարակային հայտարարել է առանց նախապայմանների գործընթացի մասին, բայց իրականում շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք նոր կարեւորություն ու արժեք են տալիս նույն այդ նախապայմաններին: Տեսեք, գիտենք, որ թուրքական «ավանդական» նախապայմաններին պատերազմից հետո միացավ եւս մեկը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը: Թուրքիայի խորհրդարանը վերջերս վավերացրեց դեռ մեկ տարի առաջ Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որտեղ ուղղակի հղում կա Զանգեզուրի միջանցքին: Ի՞նչ է սա, եթե ոչ նախապայման: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվել եւ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակել է հենց Թուրքիան:

Շարունակությունը՝ էջ 5

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս