Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են տեւել եւս մի քանի ամիս: Նրա հետ խոսել ենք նաեւ Ռուսաստանի հանդեպ իրականացվող սանկցիաների մասին:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության փետրվարի 24-ին ռազմական գործողություններ սկսելուց մինչեւ օրս Ուկրաինան կորցրել է 13 հազար 800 զինվորական, 430 տանկ, 108 ուղղաթիռ: Ընդհանուր առմամբ մինչեւ մարտի 16-ը Ուկրաինան ունեցել է այսպիսի կորուստներ.
ՄՄՄ-1375,
հրետանային համակարգեր-190,
ՀՕՊ համակարգեր-43,
ինքնաթիռ-84
ուղղաթիռ-108
ավտոմոբիլային տեխնիկա-819:
Տվյալներ է հրապարակել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը: Ըստ այդ տվյալների՝ մարտական գործողությունների սկզբից մինչեւ օրս ոչնչացվել է ուկրաինական 156 անօդաչու թռչող սարք, 1306 տանկ եւ այլ մարտական մեքենաներ, 127 հրթիռահրետանային համակարգեր, 471 ականանետեր, ինչպես նաեւ 1054 հատուկ մարտական մեքենա:
Առկա իրավիճաի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւին:
-Պարո՛ն Արեշեւ, փետրվարի 24-ից մինչեւ օրս Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները: Կա՞ն արդյոք կանխատեսումներ, թե որքան այս իրավիճակը կպահպանվի:
-Իհարկե, բարդ է այս պահին որեւէ կանխատեսում իրականացնել, թե երբ հստակորեն կավարտվեն ռազմական գործողութուններն Ուկրաինայում: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին հանդիպել է իսկապես լավ պատրաստված եւ վերջին տարիներին Արեւմուտքի կողմից զինված մրցակցի՝ ապա կարելի է ենթադրել, որ այս իրավիճակը կպահպանվի, եւ ռազմական գործողությունները կտեւեն եւս մի քանի ամիս: Այդ ամենը կախված կլինի ռազմական նպատակներից եւ դրանց իրագործման ընթացքից: Դրանց թվին է պատկանում, օրինակ, չեզոք ստատուսը, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ չանդամակցելը եւ այլ հարցեր: Այդ պատճառով ես այն կարծիքին չեմ, որ այժմ տարածված է, թե ռազմական գործողություններն այս երկու օրերին կարող են ավարտվել: ՌԴ-ն կփորձի նվազագույնի հասցնել վնասները քաղաքացիական բնակչության շրջանում. դա Ուկրաինան օգտագործում է որպես ահազանգ: Ընդհանուր առմամբ, իհարկե, իմ կանխատեսումը մնում է այն, որ այս ամենը կշարունակվի եւս մի քանի ամիս: Ես կարծում եմ, որ եթե փետրվարի 24-ին ռազմական գործողություններ չսկսվեին, ապա մի քանի տարի անց մենք կունենայինք հումանիտար աղետ ՌԴ-ում: Իհարկե, ոչ մի պետություն այսպիսի սպառնալիքն անպատասխան չէր թողնի:
-Մենք տեսնում ենք, որ ամեն օր Ռուսաստանի Դաշնության հանդեպ նոր սանկցիաներ են կիրառվում: Այսպես որքա՞ն երկար կարող է դիմանալ ՌԴ-ն:
-Ի դեպ, եթե խոսում ենք սանկցիաների մասին, ապա նշեմ, որ եթե անգամ որեւէ ռազմական գործողութուն չձեռնարկվեր ՌԴ-ի կողմից, ապա այդ սանկցիաները կրկին կլինեին: Ես այն մարդկանցից չեմ, որ ապրում եմ իլյուզիաներով եւ հույսեր կապում Արեւմուտքի հետ: Ես կարծում եմ, որ որոշ խնդիրներ, իհարկե, կլինեն, այդ թվում՝ կենցաղային հարցերի շուրջ, կապված նաեւ խոշոր ընկերությունների՝ ՌԴ-ից հեռանալու հետ, սակայն այդ խնդիրները հնարավոր է լուծել տեղական արտադրանքի հաշվին եւ քիչ-քիչ հրաժարվել արեւմտյան շուկայի ապրանքներից: Ընդ որում, ես այն կարծիքին եմ, որ դա պետք է վաղուց արվեր: Արեւմուտքը մի մասն է կազմում, առանց նրանց էլ ՌԴ-ն ունի շուկաներ, որոնց միջոցով կարող է զարգանալ եւ կոմպենսացնել այդ վնասները: Ինչ վերաբերում է խոշոր ընկերություններին, ապա կան այնպիսինները, որոնք ամեն դեպքում մնալու են ՌԴ-ում: Եվ չպետք է մոռանալ, որ ամեն դեպքում հնչող հայտարարությունները սանկցիաների մասին նաեւ քարոզչական եւ հոգեբանական բնույթ են հետապնդում: Պետք չէ էմոցիաներին տրվել: Ամեն խնդիր հնարավոր է լուծել:
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Մարտի 15-ին խորհրդարանում տեղի է ունեցել ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի բարեփոխումներ. օրենսդիր, գործադիր եւ քաղաքացիական հասարակություն» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից, գործադիրից եւ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից: Քննարկմանը ներկա է եղել նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ում խոսքով՝ մտահոգիչ է տեղեկատվական ոլորտում ստեղծված իրավիճակը: Ուստի եւ առաջարկվել է մշակել ոլորտի բարեփոխումների հայեցակարգ: Հայեցակարգի մշակման գործընթացը սկզբնական փուլում է, ընդգծվել են հիմնական ուղղությունները:
Այս հարցերի եւ քննարկման շուրջ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին:
-Պարո՛ն Մելիքյան, կմանրամասնե՞ք՝ ինչ քննարկում էր ընթանում խորհրդարանում:
-Դա ընդհանուր քննարկում է եղել: Մտահոգված ենք եղել նախորդ տարվա օրենսդրական փոփոխություններով, որոնց հետ կապված մեծ վերապահումներ են եղել, այդ թվում՝ միջազգային կառույցների կողմից: Մենք փորձում էինք պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի ԶԼՄ-ներին եւ տեղեկատվական ոլորտին վերաբերող որեւէ օրենսդրական նախաձեռնություն շրջանառության մեջ չմտնի եւ չընդունվի, առանց նախնական քննարկման եւ լրատվական կազմակերպությունների մասնակցության: Եվ մենք առաջարկեցինք մի հայեցակարգ մշակել, ըստ որի՝ պետք է բարեփոխվի մեդիաներին վերաբերող օրենսդրությունը: Պայմանավորվեցինք նաեւ, որ այդպիսի հայեցակարգ մշակենք լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների միջոցով: Դա կընդունենք, որից հետո կարելի է սկսել նոր օրինագծերի պատրաստումը: Մենք տեսնում էինք, որ այն օրենքները, որ վերաբերում էին մեդիային եւ խորհրդարանում ընդունվում էին, իրենց մեջ վտանգ էին պարունակում խոսքի եւ լրատվամիջոցների ազատության մասով: Դրանց մեջ կան նաեւ արդեն ընդունված օրենքներ, որոնք հակասում են միջազգային պրակտիկային եւ օրենքներին: Առայժմ նախնական պայմանավորվածությունների փուլում է ամեն ինչ:
-Ու՞մ նախաձեռնությամբ է եղել քննարկումը:
-Առաջարկը մերն է եղել, անձամբ եմ արել: Տեսնում էինք, որ ինչ օրենք ընդունվում էր, ԶԼՄ-ներին դեմ էր:
-Իսկ Ձեր կողմից հնչած քննադատությանն իրենք ինչպե՞ս արձագանքեցին: Ընդունեցի՞ն, որ վնասում են լրատվամիջոցներին:
-Այն տպավորությունն էր, որ իրենք հակասում էին, որ այն պրակտիկան, որ իրենք կիրառել են, ճիշտ չէ: Այսինքն՝ չի կարելի առանց քննարկումների ամեն ինչ անել, երբ հաշվի չեն առնում նաեւ միջազգային փորձը: Մենք փորձում էինք իշխանական պատգամավորներին հասկացնել, որ այդպես նաեւ հնարավորություն են տալիս, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանի հանդեպ բացասական գնահատականներ հնչեն: Մենք ասում էինք, որ դա ազդում է Հայաստանի վարկանիշի վրա, եւ ինձ մոտ այն տպավարությունն էր, թե ըմբռնում կա: Սակայն որեւէ գնահատական չեմ կարող տալ, մինչեւ գործնական փուլ չմտնեն քննարկումները:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի չորս անդամ Երեւանում մասնակցում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին ՀՀ պատգամավորները որոշել են կրթության վերաբերյալ քննարկում անցկացնել այն դեպքում, երբ նույն Արցախում այդ իրավունքը վտանգված էր գազատարի խափանման պատճառով: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչու էր այս իրավիճակում հրատապ նման քննարկում անցկացնել, սակայն Հարությունյանն արդարացում ուներ: «Հրատապության հարց չկա. մենք նախնական պայմանավորվածություն ունեինք, եւ այդ նիստը կայացել է: Արդեն այս հրապարակվեց, որ հիմա Արցախում գազատարը վերանորոգվում է, չգիտեմ՝ այդ հանգամանքից որքան մարդ կուրախանա: Մենք նախնական որոշակի ինֆորմացիա ունեինք, որը պետք չէր հրապարակել, որ պրոցեսներին չխանգարեր»,-նշել է նա: Հարությունյանը նաեւ մանրամասներ է հայտնել քննարկումից: «Երեք հիմնական հարց ունենք, առաջինը՝ Հայաստանում կրթության մինչեւ 2030 թվականի ռազմավարությունն էր, Արցախում նույնանման նախագիծ մշակելու աշխատանքներ են տարվում: Քննարկել ենք պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցեր եւ նաեւ քննարկելու ենք ՏՏ ոլորտի կրթական ծրագրերը»,-նշել է նա:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ
Հայաստանում այս տարվա հունվարին ամուսնացել է 1108 մարդ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ցուցանիշը նվազել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարին ՀՀ-ում գրանցվել է 1000 ամուսնություն, 2021-ին դրանց թիվն ավելացել է` հասնելով 1124-ի, իսկ, ահա, այս տարվա հունվարին Հայաստանում գրանցվել է 1108 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 16-ով պակաս է: Բայց, մյուս կողմից, ավելացել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, այս տարվա հունվարին ամուսնալուծությունների թիվը կազմել է 371` 101-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից ավել: Բայց նկատենք, որ տարին դեռ նոր է սկսել, եւ այս թիվը բնականաբար կփոխվի: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, բայց, վիճակագրական որոշ տվյալներով, հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները: Պատճառն այն է, որ ամուսնության առաջին երեք տարիներին ամուսինների հարաբերություններում տարաձայնություններ են սկսվում, որոնք նրանց մեծ մասը չեն հաղթահարում: