ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ:
Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,-ընդգծել է նա: