«Freedom House»-ը հրապարակել է իր «Nations in Transit 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ 2004 թվականից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:
Հայաստանն, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետազոտվող մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում:
Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ «Freedom House»-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:
Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021 թ-ին՝ վճռականորեն վերջ դնելով «Հանրապետական» կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերությունների, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»: Բացի այդ՝ նշվել է, որ ՀՀ-ն և Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։
Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված մի օրինագիծ, որի արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարական վերահսկողության ներքո։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախյան 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ ԼՂ-ում Ալիևի սկսած զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել և տեղահանվել են։
Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: