«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողից ազգային պարկի տարածքում խոտհունձի իրականացման ոլորտում կատարված առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2019 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված եւ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա տնօրենի պաշտոնակատար հանդիսացած Գ. Ա.-ն 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար Շիրակի մարզի Շաղիկ, Առափի, Ամասիա, Բերդաշեն գյուղերի մի քանի բնակչների, նախապես ձեռք բերված համաձայնություններով, թույլատրել է ազգային պարկի տարածքում տարբեր չափերի՝ 10-ից մինչեւ 50 հա հողատարածքներում առանց խոտհարքներից օգտվելու՝ օրենքով սահմանված պայմանագիր կնքելու իրականացնել խոտհունձ: Ապօրինի խոտհունձը չկանխարգելելու դիմաց նա պահանջել է իրեն որպես կաշառք տալ այդ խոտհարքներից ստացված խոտի հակերի մի մասը կամ նախապես պայմանավորված գումարը՝ 65000-ից մինչեւ 250000 ՀՀ դրամ չափով: Ավելի ուշ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, խոտհունձ կատարած անձինք կաշառքի առարկա հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գումարները մաս մաս, ամբողջությամբ կամ ընդհանուր շուրջ 45500-ից մինչեւ 840.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր քանակության՝ 300-ից մինչեւ 1200 հատ խոտի հակերը հանձնել են Գ.Ա.-ին:
Առանձին դեպքերում, կաշառքի գումարների մի մասի փոխարեն, նա ստացել է առավելություններ, մասնավորապես՝ այդ գումարների չստացված մասերի դիմաց նրա մատնանշած խոտհարքներում անձինք իրեն պատկանող տրանսպորտային միջոցով կատարել են խոտհունձ, կամ մարվել են դրամական պարտավորություններ:
Բացի այդ, Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ տնօրենի տեղակալի պաշտոնը, 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոտհունձ իրականացնելու նպատակով համաձայնել է մի անձի վարձակալությամբ տրամադրել 20 հա խոտհարք, սակայն վերջինիս հետ վարձակալության պայմանագիր չի կքնել, այլ ուղղակի դիտավորությամբ շահադիտական նպատակով, գույքային օգուտ ստանալու համար որպես վարձավճար փոխանցված ընդհանուր զգալի չափի՝ 106.000 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 5մլն դրամի չափով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել կաշառք տված 7 անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ն. Պ.
ԿՐԱԿՈՑԻ ՁԱՅՆԵՐ՝ ԱՅԳՈՒՄ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ ապրիլի 11-ին Ազատության պողոտայում ծառայության ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու լճի հարակից տարածքից կրակոցի ձայն են լսել եւ այդ ուղղությամբ գնալով՝ նկատել են «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի վարորդը կրակոց է արձակել: Վարորդը փորձել է մեքենայով հեռանալ, սակայն ոստիկանները մեքենան կանգնեցրել են եւ, ապօրինի զենք, զինամթերք պահելու եւ օգտագործելու կասկածանքով, վարորդին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բաժնում 18-ը չբոլորած վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ինքնաձիգի նմանվող ատրճանակ, 2 պահեստատուփ եւ 35 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
ՎԵՃ՝ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Մարտի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցային ահազանգեր էին ստացվել. բուժօգնության էին դիմել երկու տղամարդ՝ կտրած վերքերով։ Առաջինը տեղափոխվել էր Երեւանի Չոլաքյան փողոցից, երկրորդը՝ Ներսիսյան։ Նույն օրը տարածքային քննչական մարմնում դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Կատարողի ինքնությունը պարզելու ուղղությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ։ Նախ պարզվեց, որ տղամարդիկ վնասվածքները ստացել էին Տիգրանյան փողոցի 20-րդ շենքի բակում։ Պարզվեց նաեւ միջադեպի մասնակիցների ինքնությունը, ապա հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունը։ Մարտի 28-ին Երեւանի 46-ամյա բնակչին մեղադրանք առաջադրվեց, իսկ մարտի 31-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները հանգուցալուծվեցին ապրիլի 4-ին։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ 46-ամյա տղամարդը եկավ բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նա կալանավորվել է։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցի շուրջ տեղի ունեցած վեճն էր հանգուցալուծվել դանակահարությամբ, ինչից հետո տուժողները գնացել էին այլ թաղամասեր, իսկ երբ վիճակները ծանրացել էր, տեղափոխվել էին բուժհաստատություն։ Նախաքննությունը շարունակվում է։
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎՆԱՍՎԵԼ
Երեկ՝ ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում, քամու հետեւանքով ՀՀ մարզերում եւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր եւ գովազդային վահանակներ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ վնասներ են գրանցվել Երեւանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան եւ Նոր Գեղի գյուղերում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ եւ օպերատիվ խմբեր։ Ապրիլի 12-ին առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում, սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի հետեւանքով, հնարավոր է, կոտրվեն ծառեր եւ վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոտքի վնասվածքի պատճառով կրկին ներկա չի գնտվել դատական նիստին. այն հետաձգվեց մինչեւ ապրիլի 19-ը: Նշենք, որ նիստն ընթանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի՝ նախագահի բուժումը պետք է շարունակվի եւս 3-5 օր։ Դատավորը տեղեկացրեց նաեւ, որ դատարանը ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ, որը կքննարկվի հաջորդ նիստին։
ՋԱՐԴԵԼ Է ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՍԱԼԻԿՆԵՐԸ
Ապրիլի 8-ին Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ա. Դադյանը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ. Օ.-ն (ծնված 2000թ.), վարելով «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան, դիտավորությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ երթեւեկել Փետրվարի 20 փողոցի՝ Վերածննդի հրապարակից դեպի Ս. Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճաններով, ինչի հետեւանքով ջարդել է աստիճանների սալիկները: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: