«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաեւ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա.Ս.-ն, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել եւ ապօրինի ձեռք բերել «դիազեպամ», «սիպազոն», «գալոպրիլ», «ազալեպտին», «տիզերցին» եւ «ամպարոլ» տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր եւ դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։
Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական եւ հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021թ. ապրիլից մինչեւ 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու եւ համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների եւ եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել եւ ստացել է 5000-ից մինչեւ 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը:
Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Հետագայում որոշումներ են կայացվել նրանցից 4-ի նկատմամբ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող, իսկ 1-ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, եւ քրեական գործը ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ն. Պ.
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց ստորաբաժանման կողմից սպասարկվող վարչական տարածքներում բնակվող բազմաթիվ անձինք իրենց բնակության վայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններում եւ իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներում պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում եւ օգտագործում են: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Նշված տեղեկությունների հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեկան գործով, դատարանի որոշման հիման վրա, լայնածավալ, միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող, Երեւան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակության վայրերում, դրանց կից օժանդակ շինություններում, շահագործվող ավտոմեքենաներում: Համակարգված մեծածավալ գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն, սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան, տարբեր տրամաչափի եւ զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր եւ այլն: Բացի այդ, հայտնաբերվել են նաեւ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:
Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռբերման եւ պահման օրինականությունը պարզելու ուղությամբ: Առաջին հերթին կանխարգելիչ նպատակներով իրականացնող նմանատիպ միջոցները մարզում կրում են պարբերական բնույթ։ Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոցներ պահելու, իրացնելու համար անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու, քրեածին վարքագծով աչքի ընկնող կամ դրանց հետ առնչություն ունեցող անձանց կողմից հրազենի օգտագործմամբ հանցագործությունների կատարումը բացառելու ուղղությամբ: Ելնելով օպերատիվ իրավիճակից՝ մարզի դատախազության կողմից ոստիկանությանը տրվում են համապատասխան հանձնարարություններ:
Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին, մեկ այլ քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ եւ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում եւս կատարվել էր նման մասշտաբային գործողություն. թվով 42 անձանց բնակարանների խուզարկությունների արդյունքում հայտանբերվել էին մեծաքանակ զենքեր, ռազմամթերք, թմրամիջոցներ։
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: «Արթիկ» բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Պարզվել է, որ 2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Կասյան փողոցում նույն քաղաքի 45-ամյա բնակիչն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ 25-ամյա երիտասարդին: Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 45-ամյա տղամարդը եւ տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հիշյալ 45-ամյա տղամարդը մատնացույց է արել վիճաբանության եւ հանցագործության գործիք հանդիսացող դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել եւ վերցվել է, առգրավվել են հագուստներ: Հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն:
ԱԳՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետեւեն դրա տառին եւ ոգուն, ինչպես նաեւ իրականացնեն ստանձնած պարտավորությունները: