Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին եւ գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոյին: Ողջունելով հյուրերին` Աժ նախագահը կարեւորեց «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրման գործընթացում Արեւելյան գործընկերության երկրներում» խորագրով համաժողովի անցկացումը Հայաստանում` արդիական համարելով նրա թեմատիկան: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է, եւ համոզմունք հայտնեց, որ երեւանյան համաժողովը կխթանի Հայաստանի եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցությունը: Աժ նախագահի խոսքով` Հայաստանի իշխանություներն ունեն քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համաժողովն Ազգային ժողովում անցկացնելու հնարավորություն ընձեռելու եւ դրան մասնակցելու համար: Նա նշեց, որ սկսված բարեփոխումներն ավելի են ամրապնդում եվրոպական արժեքների արմատավորման գործընթացը Հայաստանում: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների:
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ