Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, համայն հայությունը նշում էր Արցախի Հանրապետության օրը: 44-օրյա պատերազմից հետո «նշել» բառը, մեղմ ասած, ճոխ է հնչում, բայց իրականությունն այն է, որ 31 տարի առաջ՝ այդ օրը հենց հռչակվեց հայկական երկրորդ հանրապետությունը: Արցախի Հանրապետությունը ո՛չ նախապատերազմական փառքը, ո՛չ տարածքներն ունի այսօրվա դրությամբ: Ցավ ի սիրտ, արյան գնով գծված հայկական պետականության սահմաններն օր օրի կտրտվում են, գյուղերն ու շեները՝ անցնում հակառակորդին: Եվ այդ ամենը՝ ոչ միայն համայն աշխարհի լուռ ու ոչինչ չասող, այլ հենց մեր՝ հայերիս հարմարվողական ու ատամ ցույց չտվող հայացքի ներքո: Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյանն իր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ շեշտել է՝ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն է, եւ պահպանելով Արցախի սահմանները՝ պահպանում ենք Հայաստանը։ Այսօր, սակայն, Արցախն իր անկախությունը տոնում է կոտրված ողնաշարով, ինչը, սակայն, հնարավոր է ուղղել: «ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյանն է:
-Երեկ Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձն էր, եւ արդեն 2-րդ անգամն է, որ Արցախն իր տարեդարձը վիրավոր, բզկտված ու տարածքները հանձնված վիճակում է նշում: Ինչպիսի՞ն են Ձեր զգացողությունները:
-Ոչ միայն ես, այլ նաեւ հավանաբար ամբողջ հայությունը հասատ նորմալ զգացողություններ չունի, որովհոտեւ մենք իսկապես ավելի քան 25 տարի վայելեցինք անկախության հպարտությունն ու ամբողջ աշխարհում զգում էինք, որ արժեք ունենք, ու, ամենակարեւորը, զգում էինք՝ մեր ողնաշարն ուղիղ է: Կարծում եմ՝ ոչ միայն Արցախում կամ Հայաստանում, այլ նաեւ օտար երկրներում ապրող հայությունը իսկապես մտահոգ է, որ Արցախում այսպիսի ավարտ եղավ, չնայած դեռ լիահույս եմ ու չեմ կարծում, որ սա վերջնագիծ է, քանի որ արցախցիները դժվարանում են համակերպվել այս մտքին: Մյուս կողմից՝ պետք է ընդունենք՝ ունենք այն, ինչ ունենք: Մենք բոլորս վատ զգացողությունների մեջ ենք, ու անհնարին է հաշտվել այն մտքին, որ թեժ, պատերազմական օրինաչափություններին հակասող, ռազմարվեստի կանոններից բավական հեռու սցենարով տանուլ տվեցինք եւ կորցնում ենք մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, որը մենք բավական թանկ գնով էինք ձեռք բերել:
-Արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին խոսք անգամ չկա, ու դրա ապացույցը նաեւ Փաշինյան-Ալիեւ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած բանակցություններն ու դրանից հետո տարածված հաղորդագրություններն էին: Դուք այս պահին ու, առհասարակ, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը:
-Դժվար հարց եք տալիս, քանի որ քաղաքական նման եզրահանգումներ կարող են պետական այրերն անել: Նրանք են կանգնած պետության գլխին, իշխանավորները նրանք են ու նրանք էլ պարտավոր են վճռել, թե ինչ է սպասում, ու ինչ կլինի: Իբրեւ Արցախի անկախության ու ճակատագրի համար մտահոգ մտավորական, արցախցի՝ կարծում եմ, որ այդ հարցը պետք է ընդհանուրի մեջ դիտարկել, հարցի պատասխանն էլ՝ հայության միասնականության մեջ փնտրել: Եթե այդ հարցը Դուք տարբեր մարդկանց առանձին-առանձին հարցնեք, ապա նրանք կդժվարանան պատասխանել, թե ինչպես են պատկերացնում Արցախի վաղվա օրը: Գիտեք, հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի շատ հանրահայտ միտքը հիշեցի այս պահին, երբ ասում է, որ յուրաքանչյուր առանձին թռչուն չի կարող չվել Եգիպտոս, որովհետեւ Եգիպտոսի տեղը չգիտի: Եգիպտոսի տեղը գիտի միայն երամը: Երամը մի մարմին է, որն ունի Եգիպտոսը գտնելու բնազդը: Այդ բնազդը միայն երամինն է: Սա տիպիկ օրինակ է մեր ժողովրդի համար, եւ, այո, առանձին-առանձին անհատները դժվար կարողանան Ձեզ ասել, թե որն է ելքը: Մեր միասնական բնազդով, կարծում եմ, հայ ժողովրդի երամն իր ճանապարհը կգտնի, եւ մենք կգնանք դեպի լուսավոր ապագա:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Պաշտպանության նախարարության շրջանառած նոր նախագիծը, որով աաջարկվում է 24 մլն դրամ փոխանցել պետբյուջե ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, ոչ միայն ընդհանուր անվտանգային համակարգին եւ Զինված ուժերում առկա տրամաբանությանն է մեծ հարված հասցնում, այլ նաեւ չի լուծում այն խնդիրները, որոնք դրված են սույն նախագծի հիմնավորման հիմքում:
Նրա համոզմամբ` այս ծրագիրը սոցիալական անարդարության բավականին մեծ խնդիրներ է ստեղծելու, ինչն անգամ կարող է ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի հասցնել, քանի որ ստացվելու է այնպես, որ հնարավորություն ունեցող մարդիկ (երկրի բնակչության 15-20 %-ը) կարողանալու են իրենց որդիներին ազատել ծառայությունից, իսկ մոտավորապես 70-75%-ը այդ հնարավորությունը չեն ունենալու:
«Այսինքն՝ անհավասար պայմաններ են ստեղծվում ՀՀ քաղաքացիների համար, եւ սա նաեւ այն դեպքում, երբ հայրենիքի պաշտպանության հարցը նույնիսկ սահմանադրական ամրագրում ունի: Երկրորդը՝ սա գաղափարական մտածողության առումով բավականին ծանր հարված է լինելու, որովհետեւ սերունդների համար հիմնական ռազմահայրենասիրական դաստիարակչական հիմքում հայրենիքի պաշտպանության հարցն է, եւ այս պարագայում, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն գումարով ազատվելու կամ կարճեցնելու իրենց ծառայության ժամկետը, բնականաբար սա բավականին մեծ հարված է»,- հավելում է նա։
Ինչ վերաբերում է 24 միլիոնը հետագայում պայմանագրային զինծառայությանն ուղղելուն, ապա, ըստ Աբրահամյանի, նման ձեւակերպումը նույնիսկ վիրավորական է. մշտապես կարելի է աղբյուրներ գտնել, որոնցով հնարավոր կլինի որոշակի հաճախականությամբ բարելավել զինծառայողների սսոցիալ-կենցաղային պայմանները, այդ թվում՝ աշխատավարձերը:
«Այնպես չէ, որ Հայաստանում բոլորը ձգտում են զինվորական ծառայության, եւ ասել, որ սրանով մենք կրկնապատկելու կամ եռապատկելու ենք պայմանագրային զինծառայողների թիվը, չի կարող միանշանակ լինել: Պետք է հասկանալ՝ արդյոք մարդիկ նույնիսկ որոշակի բարձր աշխատավարձի պարագայում պատրաստ են գնալ եւ ծառայել, քանզի բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ստեղծված են, մարդկանց դրդում են խուսափել ծառայությունից: Դրանց հիմքը վաղվա օրվա նկատմամբ անորոշությունն է, մշուշոտ իրականությունը, ապագայի բացակայությունը, որոնք էլ խնդիրներ են առաջացնում ե՛ւ պարտադիր ժամկետային զինծառայության ե՛ւ նաեւ այս պարագայում պայմանագրային զինվորական ծառայության համար, այդ թվում՝ նաեւ սպայական:
Այն իրավիճակում, երբ զինծառայողի թիկունքին չկա պետություն, իսկ իշխանությունը իր քաղաքականությամբ կազմաքանդման է տանում Զինված ուժերը, ապա այդ պարագայում նույնիսկ նպաստավոր թվացող նախաձեռնությունները չեն կարող որեւէ խնդիր լուծել»,- ամփոփում է նա։
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՇՈԳ Է
Հայաստանում ուսումնական տարին արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է, սակայն Էջմիածին քաղաքի որոշ դպրոցներում երեկ աշակերտները սահմանված ժամանակից քիչ են մնացել դպրոցում։ Պատճառը շոգն է։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ին Էջմիածնի որոշ դպրոցներում ուսուցիչները սաների ծնողներին զգուշացրել են, որ շոգի պատճառով աշակերտներին, հնարավոր է, շուտ տուն ուղարկեն։ Բանն այն է, որ դասասենյակները շոգ օրերին չեն զովացվում, այդ իսկ պատճառով երեխաները չեն կարողանում դասերին մասնակցել։
Ի դեպ, բարձր ջերմաստիճանի մասին խոսում է նաեւ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը՝ տեղեկացնելով, որ Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում եւ Երեւանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
Ինչպես հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Հայտնի է, թե որ դատավորն է քննելու ՊՆ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործը. այն քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նախկին դատախազ Վահե Դոլմազյանը: Ի դեպ, նա Աժ նախկին պատգամավոր, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործով մեղադրող դատախազն է եղել:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: