Երեւանում սեպտեմբերի 5-ին պաշտոնապես իր դռները կբացի «Գալյա Նովենց» թատերական դպրոցը: Հրավիրված ասուլիսում դպրոցի հիմնադիր, դերասանուհի Մարիամ Ղազանչյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքները տարվում են արդեն մեկ տարի: Վերջին երեք ամսվա ընթացքում ընդունելության փուլն է եղել երկու տարիքային խմբի համար՝ 7-13 տարեկաններ եւ 14-ից բարձր:
«Մեր նպատակն է կրթել նոր սերնդին, երիտասարդներին, նրանց ավելի մոտեցնել մշակույթին, թատրոնին: Ունենք նաեւ դիմորդ-երիտասարդներ, որոնք ցանկանում են, մեր դպրոցում սովորելով, պատրաստվել թատերական ինստիտուտ ընդունվելուն: Ասեմ, որ բավական լավ մասնագետներ են հավաքված աշխատանքային խմբում»,-ասաց Մարիամ Ղազանչյանը:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը նաեւ դասավանդելու է դպրոցում, նշեց, որ դպրոցի անունն արդեն պարտավորեցնող է, եւ հնարավորինս ամեն ինչ պետք է անել հաջողելու համար, մանավանդ որ պրոֆեսիոնալներ են հավաքվել:
«Նման դպրոցի անհրաժեշտությունը կա: Այսօր թատերական ուսուցումը պատշաճ մակարդակով չի տարվում: Երեխաները կտրված են մշակույթից, ես չգիտեմ, թե այս «սմարթֆոնացավն» ուր է տանում մատաղ սերնդին: Շատ անհանգիստ եմ այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ որքան շատ լինեն նման դպրոցները, այնքան ավելի լավ: Թատրոնն արվեստի այն տեսակն է, որն իր մեջ ներառում է արվեստի բոլոր ճյուղերը՝ գրականություն, նկարչություն, երաժշտություն եւ այլն»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:
Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի խոսքով՝ դիմորդներին դպրոց ընդունելիս խիստ չափորոշիչներով չեն առաջնորդվել:
«Եթե մարդիկ ցանկանում են շփվել արվեստի, թատրոնի հետ, ապա դա պետք է ապահովենք: Մեզ համար կարեւոր է, որ դպրոցի դռները բաց լինեն բոլոր դիմորդների համար: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր իմացածը նոր սերնդին փոխանցելու, նրանց կրթելու, մշակույթին մերձեցնելու համար»,- ասաց Արթուր Սարիբեկյանը:
Դասընթացը տեւելու է մեկ տարի: Ավարտին աշակերտները հանդես են գալու ներկայացմամբ:
Պարուսույց Արտյոմ Գեւորգյանը տեղեկացրեց, որ զբաղվելու են նաեւ պարարվեստով. առջեւում հետաքրքիր բեմադրություններ են: Բանախոսներն ընդգծում են՝ դպրոցի աշխատանքների հիմքում նաեւ թատերական ոլորտի տաղանդների բացահայտումն է, սակայն նույնիսկ եթե շատերը չգնան այդ ճանապարհով, միեւնույնն է, կլինեն ավելի կրթված, արվեստին ավելի մոտ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԱՐՏԵՑԻՆ ՈՉ-ՈՔԻ
Դուբայի շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Dubai օpen-ի այս տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ` Արամ Հակոբյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը կիսեց միավորը:
ԶԻՋԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԹԻՄԻՆ
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացել է Կանանց 2023 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է մրցակցին 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով.
- Արմինե Հարությունյան, 3. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 6. Աննա Դալլաքյան, 7. Նենսի Ավեսյան, 8. Մարալ Արթին (ա), 10. Օլգա Օսիպյան (4. Մարիա Սախինովա, 66), 14. Կլաուդիա Չոլակյան, 17. Վերոնիկա Ասատրյան (13. Կարինե Եղյան, 90+2), 18. Մարինե Կարապետյան, 22. Անի Ղուկասյան։
ՌԵԿՈՐԴ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել են 2,2 միլիարդ եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017-ին՝ 1,6 միլիարդ եվրո։ Պրեմիեր լիգայի 20 ակումբներից 9-ի ծախսը տրանսֆերային շուկայում գերազանցել է 100 միլիոն եվրոն։ «Չելսին» ծախսել է 312,5 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 250 միլիոն եվրո, «Վեստ Հեմը»՝ 189 միլիոն եվրո, «Տոտենհեմը»՝ 176 միլիոն եվրո, «Նոթինգեմ Ֆորեսթը»՝ 168 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթին»՝ 145 միլիոն եվրո։ Անցած ամառային տրանսֆերային պատուհանի համեմատ Պրեմիեր լիգայի ակումբները հունիսի 10-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսել են 1,28 միլարդ եվրո շատ։
ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ամերիկացի պաշտպան Սերջինո Դեստը մեկ տարվա վարձակալության պայմանագրով տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Միլան». հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հաջորդ ամռանը «Միլանը» հնարավորություն կունենա 20 միլիոն եվրոյով գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ Դեստը 2020 թվականին Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել «Բարսելոնա»։ 2019 թվականից նա ԱՄՆ-ի հավաքականի խաղացող է։ Իսպանիայի անցած առաջնությունում Դեստը մասնակցել է 21 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԼՍՈՒՄՆԵՐ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ «Օտտավիո Զինո» (Ottavio Ziino) միջազգային օպերային մրցույթի նախաձեռնողների համագործակցության արդյունքում 21-րդ մրցույթի լսումներն անցկացվում են օպերային թատրոնում:
Լսումները մեկնարկել են օգոստոսի 2-ին:
Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ «Օտտավիո Զինո» 21-րդ միջազգային լիրիկական մրցույթի լսումները Հայաստանում անցկացնելն ունի գերագույն նպատակ՝ աշխարհին տեսանելի դարձնել հայ տաղանդավոր օպերային արտիստներին, ինչպես նաեւ մաս կազմել նման բարձր նշանաձող սահմանած միջազգային մրցույթի։
«Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նպատակասլաց գնում է այդ ճանապարհով»,-շեշտում է նա:
2002 թվականից «Il Villaggio della Musica» մշակութային ասոցիացիան Իտալիայում՝ Հռոմում՝ մելոդրամայի հայրենիքում եւ բնօրրանում, հիմնադրել է «Օտտավիո Զինո» միջազգային օպերային մրցույթը, որը կրում է հայտնի դիրիժորի, ծագումով սիցիլիացի կոմպոզիտորի անունը։ Մինչ օրս մրցույթին մասնակցել է շուրջ 6000 օպերային երգիչ ամբողջ աշխարհից։ C.L.I.O.Z. -ի հաղթողների թվում են Ջեսիկա Պրատը, Մարինա Ռեբեկան, Լուչիանո Գանցին, Անժելա Նիսին, Կլաուդիո Սգուրան, Տոշակի Մուրակամին, Սիմոնե Պիացոլան եւ այլք:
Միջազգային օպերային մրցույթն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հռոմում՝ Ghione Theatre-ի հոյակապ միջավայրում: Ամեն տարի ժյուրիի կազմում ընդգրկվում են հեղինակավոր օպերային թատրոնների տեսուչներ եւ գեղարվեստական ղեկավարներ, օպերային երգիչներ եւ կոմպոզիտորներ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ