ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Կանադա կատարած այցի շրջանակներում հանդիպեցինք Անկախ սենատորների խմբից սենատորներ՝ Ներքին տնտեսության, բյուջեի և կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Լյուսի Մոնսիոնի և Մարդկային ռեսուրսների ենթահանձնաժողովի նախագահ՝ Ռայմոնդ Սեինթ Ժերմենի հետ։
Ջերմ ընդունելության արժանացանք սենատորների կողմից, որոնք, ի դեպ, Ֆրանկոֆոններ են։ Քննարկում ծավալվեց կանանց իրավունքների, քաղաքական մասնակցության, բռնության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
Գործընկերներիս ահազանգեցի Ադրբեջանի կողմից հայ կանանց խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին, որով Ադրբեջանը ոտնահարում է ոչ միայն մարդկանց հիմնարար իրավունքները, այլև միջազգային հումանիտար իրավունքի այն առանցքային դրույթները, որոնց պետությունները պարտավորվել են հետևել իրենց միջազգային հարաբերություններում։
Սենատորների ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի հանցավոր վարքագծի վրա, որը Ժնևյան կոնվենցիաների դրույթների ոտնահարման հերթական օրինակն է.
Ադրբեջանը թույլ չի տալիս իր ռազմական ագրեսիաների արդյունքում իր օկուպացրած հայկական շրջաններից դուրս բերել հայ զինծառայողների մարմինները,
Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել անհայտ կորած հայ զինծառայողների որոնողական աշխատանքները, շրջափակված զինծառայողների դուրսբերումը,
Ադրբեջանը չի ապահովում իր կողմից գերեվարված հայ զինծառայողների հայրենադարձումը։
Սենատորներ Լյուսի Մոնսիոն և Ռայմոնդ Սեինթ Ժերմենը հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին այս ծանր իրավիճակում առկա խնդիրների լուծման գործում»։