ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։
Գարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում: