ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՍՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսից «Նիկոլ Փաշինյանը խաբել է» անվամբ շարք է սկսել եւ ամեն օր օրաթերթի հերթական համարում ներկայացնում է վարչապետի՝ տարբեր ժամանակներում արած հայտարարություններն ու իրականությունը՝ ապացուցելով, որ նա տարբեր առիթներով մանիպուլացնում եւ խաբում է քաղաքացիներին:

 

Ի լրացումն այս շարքի՝ արդեն ArmLur.am լրատվական կայքում կսկսենք մեկ այլ շարք եւ կներկայացնենք արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պաշտոնյաների կողմից տարբեր ժամանակներում ասված կեղծ հայտարարությունները, քանի որ նման գործելաոճ, ամեն դեպքում, միայն վարչապետը չէ, որ ունի: Նման գործելաոճով աչքի են ընկել ոչ միայն կոնկրետ անձինք, այլ նաեւ գերատեսչությունները՝ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աչքի է ընկել մանիպուլատիվ հայտարարություններով եւ կեղծիքով հատկապես կորոնավիրուս համավարակի բռնկման ժամանակ: Ամենավառ օրինակը նրա խոսքերն էին՝ ասված 2020 թվականի փետրվարի 27-ին, երբ նա հայտարարեց, թե կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ, եւ սա՝ այն դեպքում, երբ արդեն այդ ժամանակ այդ հիվանդությունն աշխարհում խլել էր 2700-ից ավելի մարդու կյանք:

Հետագայում նրա մանիպուլատիվ հայտարարություններն ավելացել են: Արդեն 2021 թվականի ապրիլի 9-ին «Սիվիլնեթ»-ի եթերում նախկին նախարարը նշել է. «Եվրոպական որեւէ երկրում AstraZeneca պատվաստանյութի արգելք չկա, եւ ես զարմանում եմ, թե որտեղից են այդ բամբասանքները լցվում եթեր: Պարզապես եղել են որոշակի դեպքեր, երբ եղել է պացիենտի առողջական ժամանակագրական դեպք, եւ դա նախորդել է պատվաստումը: Դա բնորոշ է բոլոր պատվաստանյութերին»: Սակայն ԵՄ դեղանյութերի կարգավորիչ մարմինն ապրիլի 7-ին հրապարակել էր զեկույց, որը հենց վերաբերում էր AstraZeneca պատվաստանյութին եւ թրոմբոզի առաջացմանը: «Հանձնաժողովը հիշեցնում է բժշկական անձնակազմերին եւ քաղաքացիներին, որոնք պատվաստվում են, տեղյակ լինել պատվաստմանը հաջորդող 2 շաբաթների ընթացքում արյան մեջ ցածր քանակով թրոմբոցիտներով ուղեկցվող հազվադեպ հանդիպող թրոմբոզի առաջացման հավանականության մասին»:

Միեւնույն ժամանակ սուտ էր Փաշինյանի այն պնդումը, թե պատվաստանյութի արգելք եվրոպական երկրներում չկա: Իրականությունը բոլորովին այլ էր: Օրինակ՝ Նիդերլանդներում պատվաստանյութի այդ տեսակն արգելված էր բոլորի համար, Իտալիայում եւս այն հետագայում արգելվեց:  Կորոնավիրուսի շրջանում AstraZeneca-ի օգտագործումը երիտասարդ քաղաքացիների շրջանում արգելվել էր Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Կանադայում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս եւ հոլանդախոս Դաշնային օմբուդսմաններին: Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Բելգիայի հոլանդախոս օմբուդսման Դեյվիդ Բաելը ներկայացրել է Բելգիայի օմբուդսմենական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաեւ անդրադարձել հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների բարեվարքության ստուգման մեթոդաբանությանն ու գործիքակազմին, անցկացվող հետաքննությունների գործընթացին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջեւ:

 

 

ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Յուրի Բաբախանյանը համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանին, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում։

 

 

ԱՏՈՄԱՅԻՆ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության եւ ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին եւ կարեւորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։

 

 

ՀԱՇՏԵՑՄԱՆ ՋԱՆՔԵՐ

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ ուղղված  տարաձայնությունների հարթմանը. այս մասին նշել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ԼՂ հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ արված հայտարարությունում։

«Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամանքի էջը եւ շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքի հետագա անհարկի կորուստը եւ վնասները», – նշված է հայտարարությունում։

 

 

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տեւական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան եւ բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին:

«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձեւաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաեւ խորհրդարանում:

Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք, եւ մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենց ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու են այս իշխանությունների հեռացման համար: Ըստ պատգամավորի՝ Ազգային ժողովում լինելը եւ փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

 

 

 

ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԱՊԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Կոնդի բնակիչները շարունակում են բարձրաձայնել ու պահանջել, որ կառավարությունն ու քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեն՝ վերաչափագրելու իրենց տներն ու հողամասերը: Նրանց պայքարը մի քանի տասնամյակի պատմություն ունի: ArmLur.am-ը եղել է Կոնդում ու զրուցել բնակիչների հետ: Երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչների տները չափագրելու, Կոնդի տարածքում «Հին Երեւան» նախագիծ իրականացնելու ու, ըստ անհրաժեշտության, բնակիչների տները կա՛մ վերակառուցելու, կա՛մ փոխհատուցում տրամադրելու մասին:

Այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են քաղաքային իշխանությունները, Փաշինյանի իշխանությունը եւս բացառություն չէ, բայց, կոնդեցիների համոզմամբ, իրենց խնդիրներն ու բողոքի ձայնը Փաշինյանին չեն հասնում: Իրենց կողմից ներկայացված փաստաթղթերը մնում են միջին օղակներում, իսկ մանր չինովնիկները խնդրին լուծում տալ ու դա իրենց վերադասներին ներկայացնել պարզապես չեն ուզում:

 




Լրահոս