ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՍԽԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահը թերագնահատել է իր ապագա հակառակորդին, ինչի համար գինը վճարել է։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում՝ մատնանշելով «Վլադիմիր Պուտինի թույլ տված ռազմավարական սխալները»։

 

Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ «Մոսկվան թույլ է տվել երկու մեծ սխալ, որոնք ճակատագրական դեր են խաղացել»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Պուտինը թերագնահատել է ուկրաինացիների քաջությունն ու կամքը՝ պայքարելու իրենց ազատության եւ պետության անկախության համար, ինչպես նաեւ թերագնահատել է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների միասնությունն ու անխախտ վճռականությունը»:

«Նա կարծում էր, որ կարող է Ուկրաինայում հաղթել մի քանի օրվա ընթացքում: Ինն ամիս անց Ռուսաստանը շարունակում է ձախողումը ձախողման հետեւից, իսկ ուկրաինացիները շարունակում են ազատել իրենց տարածքը օկուպացիայից»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Միեւնույն ժամանակ Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանին թերագնահատելը մեծ սխալ կլինի։

Այն շարունակում է ունենալ զգալի ռազմական հնարավորություններ եւ մեծ թվով զորքեր, նշել է գլխավոր քարտուղարը։

«Այսպիսով, մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինային երկարաժամկետ աջակցելուն: Այո՛, ես գիտեմ, որ այս աջակցությունը գին ունի: Մեր երկրներում շատ մարդիկ բախվում են կյանքի ծախսերի ճգնաժամի: Աճում են էներգիայի եւ սննդի գները. շատերի համար դժվար ժամանակներ են: Բայց այն գինը, որը մենք վճարում ենք որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, չափվում է փողով: Մինչդեռ ուկրաինացիները վճարում են մի գին, որը չափվում է արյունով:

Ուստի, եթե թույլ տանք Պուտինին հաղթել, բոլորս ստիպված կլինենք վճարել շատ ավելի բարձր գին։

Ամբողջ աշխարհում ավտորիտար ռեժիմները կսովորեն, որ բիրտ ուժով կարող են հասնել իրենց ուզածին:

Սա ուղղակի հետեւանքներ կունենա մեր անվտանգության համար։ Դա ավելի վտանգավոր կդարձներ աշխարհը, իսկ մեզ՝ ավելի խոցելի։ Դա է պատճառը, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում։ Այսպիսով՝ մենք պետք է շարունակենք միասնական մնալ»,- եզրափակել է Ստոլտենբերգը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

«Հանգամանքները մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։ Այդ կապակցությամբ, իմ կողմից որոշում է ընդունվել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին»,- ասել էր ՌԴ նախագահը։

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար:

 

 

ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Երեւանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի եւ Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների միջազգային ասոցիացիայում Երեւանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ:Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:

«Հաջորդ տարի մենք ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել կենդանաբանական այգում, եւ այս գործում մեզ համար անչափ կարեւոր է միջազգային մի շարք կառույցների հետ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Մեր նպատակն է այգում ստեղծել այնպիսի միջավայր, որն այցելուներին ավելի կմոտեցնի բնությանն ու հանգստի գոտուց բացի՝ կունենա նաեւ կրթական բաղադրիչ»,- ընդգծել է քաղաքապետը:

 

 

ԲԴԽ ՈՐՈՇՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշվում է ԲԴԽ որոշման մեջ, որն արդեն ուղարկվել է ՀՀ նախագահին։

Նշենք, որ Դավիթ Բալայանն առաջին անգամ դատավոր է նշանակվել 2001 թվականին՝ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

 

 

 

ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԷԺԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՎԵՐԱԾԵԼ

Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց:

Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել: Քիչ չէ, որ առողջապահության նախարարությունը մեքենա ձեռք բերելու սովորական գործընթացը փորձել էր անհարկի ու էժան PR-ի վերածել: Ճերմակ խալաթ հագած աշխատակիցներին ցուրտ եղանակին դուրս էին հանել՝ «պատվելու» վարչապետ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի խորազննին ու մուրադական հայացքով էր ուսումնասիրում ճապոնական մեքենաները, որ թվում էր՝ ռեանիմոբիլների նեղ մասնագետ է: Առհասարակ, անհասկանալի էր միջոցառմանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությունն ու առավել քան նրա՝ շտապօգնության մեքենայի ղեկին նստելը. որքանով տեղյակ ենք՝ նա ո՛չ առողջապահական ոլորտի մասնագետ է, ո՛չ քաղաքապետարանում այդ ոլորտի համակարգողը, ո՛չ էլ, առավել եւս, շտապօգնության մեքենա վարելու գծով մասնագիտացած վարորդ: Շտապօգնության մեքենաների PR-ով տարված ու մեքենաներն անձամբ դիմավորող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, վարչապետ Փաշինյանին, երբեմնի փոխվարչապետ Ավինյանին ու պատգամավոր Արսեն Թորոսյանին ընդամենը հիշեցնենք, որ հենց իրենց կառավարման օրոք է, որ պատերազմների ժամանակ ռազմաճակատ շարքային քաղաքացիներն էին տարրական բինտ ու բամբակ ուղարկում, կորոնավիրուսի բուժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անլրջացնում ու ասում, թե դա հնարավոր է «տնական օղիով ախտահանել», միջոցառմանը ներկա, նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր կորոնավիրուսը ոչ վտանգավոր վիրուս համարում, եւ ունեցանք մեծ թվով զոհեր… Տիկին նախարարուհուն հիշեցնենք նաեւ, որ առ այս պահը հանրապետության տարբեր դիահերձարաններում շարունակում են անթաղ դիակներ մնալ, քանի որ մարդիկ չեն վստահում իր ղեկավարած կառույցների կողմից իրականացված ԴՆԹ հետազոտություններին ու իրենց ներկայացվող արդյունքներին: Էլ չասենք Աբովյանի դիահերձարանում գետնին նետված դիակների խայտառակ թեման…

 

 




Լրահոս