ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում ովքեր են Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երեք օր է, ինչ Լեռնային Ղարաբաղն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակ է։ «Բնապահպաններ» ներկայացող ադրբեջանցի մի քանի հարյուր քաղաքացիներ փակել են Լաչինի միջանցքը՝ պնդելով, թե բողոքի գործողություններն իրականացնում են բնապահպանական նկատառումներով:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը պարզել է, որ Լաչինի միջանցքում գտնվող «ակտիվիստները» ներկայում բավական ակտիվ են սոցիալական ցանցերում, պարբերաբար ուղիղ եթերներ են անում, լուսանկարներ ու տեսանյութեր տարածում։ Դա հնարավորություն է տալիս պարզել նրանց ով լինելն ու գործունեությունը։ Հատկանշական է, որ «էկոակտիվիստների» էջերում գերակայում եմ Ադրբեջանի նախագահի, նրա կնոջ, հոր նկարները։

Ակցիաներին դեկտեմբերի 12-ից միացած Թալեհ Մանսուրովի ֆեյսբուքյան օգտահաշվում ևս շատ են Ալիևների նկարները։ Մանսուրովը նշել է, որ աշխատում է Երիտասարդներին աջակցության հասարակական միությունում։ Ուսումնասիրելով նրա գրառումները՝ պարզ է դառնում, որ Մանսուրովը իշխող, Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։ Ավելին՝ «էկոակտիվիստը» աշխատել է այդ կուսակցությունում։

Ֆարիզ Ակբարովը ևս Լաչինի միջանցքը փակած «ակտիվիստներից» է։ Վերջին ամիսներին զբաղվում է Ադրբեջանում կանանց և ընտանիքի իրավունքներով՝ «Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների» պետական ​​կոմիտեին կից Հանրային խորհրդի անդամ է, եղել է «Ադրբեջանի երեխաներ» ՀԿ-ի իրավաբան։ Ակբարովի ֆեյսբուքյան էջում էլ Ալիևի լուսանկարներով և վերջինիս գովերգող գրառումներ են։ Եվ ինչպես վերոնշյալ «էկոակտիվիստների դեպքում», Ակբարովը ծրագրեր է իրականացրել Ադրբեջանի՝ ՀԿ-ների աջակցության պետական ​​գործակալության ֆինանսավորմամբ։

Լաչինի փակած ադրբեջանցիների մեջ հատկապես աչքի էր ընկել մի ակտիվիստ, որը վարժ տիրապետում էր հայոց լեզվին և հայերեն կոչեր է հնչեցնում։ Վերջինս Թելման Ղասիմովն է, որը Ադրբեջանում հայտնի ռազմաքաղաքական փորձագետ է և նախկին զինվորական։

Այսինքն, ստացվում է՝  Լեռնային Ղարաբաղը արդեն երեք օր բլոկադայի ենթարկած ակտիվիստները  որևէ բնապահպանական գործունեությամբ աչքի չեն ընկել, ներկայացնում են ՀԿ-ներ, որոնք Իլհամ Ալիևի կառավարության հետ շատ հստակ կապեր ունեն և ֆինանսավորվում են պետությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս