Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- հայտարարել է Պատելը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ պետդեպի փոխխոսնակը խուսափել է խոսել ժամկետներից։ «Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում, պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս, այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»,- ասել է Վեդանտ Պատելը։