ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին եւ նրանց մարզիչներին պետության կողմից տրվող միանվագ գումարը կկրկնապատկվի:

 

ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 15-ին կայացած նիստում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Մինչ հարցի զեկուցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

2022 թվականին Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ բարձր արդյունք: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մեր մարզիկներն արդեն նվաճել էին 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե, 126-ը՝ բրոնզե: Այժմ արդեն մեդալների թիվը հատել է 303-ի սահմանագիծը, որն աննախադեպ ցուցանիշ է, քանի որ մինչ այդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2019 թվականին՝ 222 մեդալ:

Որոշմամբ նախատեսվում է օլիմպիական, պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաեւ ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու եւ շախմատ մարզաձեւերի միջազգային առաջնություններում, աշխարհի եւ Եվրոպայի խաղերում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին եւ ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափը կրկնապատկել: Որոշումը տարածվում է նաեւ հաշմանդամային սպորտով զբաղվողների վրա:

Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն եւ 4 մլն դրամ մրցանակ՝ մինչ այս տրվող 5 մլն, 3,5 մլն եւ 2 մլն դրամ մրցանակի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները եւ մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն եւ 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն եւ 1 մլն դրամի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն եւ 800 հազար դրամ:

Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 6 մլն, 3,6 մլն եւ 2,4 մլն դրամ՝ նախկին 3 մլն, 1,8 մլն եւ 1,2 մլն դրամի փոխարեն: Կավելացվի նաեւ Եվրոպայի առաջությունների մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների եւ մեդալ նվաճած մարզիկների անձնական մարզիչների դրամական մրցանակի չափը:

Վերոնշյալ դրամական մրցանակները ներառում են օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բարձր նվաճումներ ունեցող մարզիկների դրամական մրցանակների կրկնապատկման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեում կատարվել է 557 մլն 630 հազար դրամի վերաբաշխում: Մինչ այդ նույն նպատակի համար նախատեսվել էր մոտ 150 մլն դրամ գումար: Վերաբաշխման արդյունքում ՀՀ մարզական պատիվը բարձր պահած մարզիկների եւ մարզիչների խրախուսման մրցանակային ընդհանուր ֆոնդը կկազմի 707 մլն 630 հազար դրամ: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ծրագրի շուրջ 170 շահառուի անվանացանկն առաջիկայում կհաստատվի:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ գործադիրը երեկ չզեկուցող հարցերի փաթեթում ներառել է նաեւ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգեւատրման ֆոնդի ավելացման հարցը: Ըստ այդմ՝ տարվա լավագույն մարզիկներին տրվող մրցանակները կավելանան հարկերի չափով՝ յուրաքանչյուրին կտրվի 6 մլն 330 հազար դրամ գումար՝ ներառյալ հարկերն ու տուրքերը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված պահումներից հետո յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:

Ամփոփելով հարցը՝ վարչապետը նշել է, որ սպորտի ոլորտում արձանագրված հաջողություններին նպաստել է պետական քաղաքականությունը, որը լինելու է շարունակական: Հայաստանի՝ մինչեւ 2050 թվականի զարգացման տեսլականում ամրագրված է 258 օլիմպիական մեդալ նվաճելու հավակնոտ նպատակը, եւ ձեռնարկվող քայլերը համահունչ են նշված թիրախին:

 

 

 

 

 

«ԳՅՈՒՂՈՒՄ ԽՈՒՃԱՊ ՉԿԱ»

«Գյուղում, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, կրակոցները մեզ մոտ չեն լսվել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը:

«Գյուղում տրամադրությունները նորմալ են, խուճապ չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի եւ Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից:

ArmLur.am-ը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ հասկանալու համար, թե ինչ մարդասիրական քայլեր է իրականացրել կոմիտեն: Ի պատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ընդգծեց, թե իրենք շարունակում են հետեւել տիրող իրավիճակին:

«Կարմիր խաչի կոմիտեն, գտնվելով Հայաստանում, շարունակում է հետեւել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին եւ մարդասիրական նպատակներով երկխոսություն իրականացնում, սակայն իրավիճակի հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն այս պահին հրաժարվում եմ տրամադրել»,- նշեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կանոնակարգվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների եւ էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարը։ «Հուշագրի շրջանակում ՀՀ կառավարությունը հանձն է առել ապահովել աշխատողների հավաքագրումն ու Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու նախապատրաստումը, աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը եւ այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունն իր հերթին պարտավորվել է պաշտպանել ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների իրավունքները` համաձայն երկրում գործող օրենքների: ԱՄԷ կառավարությունը հանձն է նաեւ ապահովել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի ու զբաղվածության համապատասխանեցումը երկրում գործող օրենքներին, ընթացակարգերին եւ կանոնակարգերին։ Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել համակարգող հանձնաժողով, որը 6 ամսվա ընթացքում կապահովի, որ մինչեւ Հայաստանի Հանրապետությունից ԱՄԷ մեկնելը ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից: Հուշագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, կողմերի իրավասու մարմինները կստորագրեն նաեւ իրականացման ընթացակարգերը:

 

 

 

 

ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Կառավարությունն իր դեկտեմբերի 15-ի նիտում ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում եւ 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների եւ սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի շարք որոշումներով, որի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,595.930.7 հազար դրամ։ Ըստ հիմնավորման՝ հավաքագրման աշխատանքները 2022 թ. դեռեւս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ:

 




Լրահոս