2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ, վերջինս ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»: Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել: Դեռեւս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք, էս ենք»: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես է աչքի ընկնում մանիպուլատիվ, ոչ ճշտված ինֆորմացիաներ տրամադրելով, եւ Ազգային ժողովի այս միջադեպն էլ հերթական ապացույցներից մեկն է: Նա հերթական անգամ արել է հայտարարություն, ապա փորձել հերքել, թե նման բան ամենեւին չի ասել:
Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց՝ «Լաչինի միջանցքը» փակելուց հետո ՀՀ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, ելույթներ են ունենում ու մեղադրում Արցախում խաղարարար առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին, թե իրենց պատասխանատվության գոտու անվտանգ երթեւեկը չեն ապահովում: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ իշխանության ներսում ոչ բոլորն են վատ տրամադրված Ռուսաստանի դեմ, ավելին՝ որոշներն այն տեսակետին են, որ խաղաղապահներին շատ ավելի լայն լիազորություններ պետք է տրվեն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, օրինակ, վստահ է՝ եթե Ռուսաստանն այժմ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չլիներ, ապա, պարզ է, նրա ձայնի տոնայնությունը բոլորովին այլ կլիներ: «Այս ամենը պետք է հաշվի առնել ու հասկանալ՝ ՌԴ-ն ունեցած մանդատով արդյոք կարողանում է իր առջեւ դրված խնդիրը լուծել: Այո, պարտավոր է լուծել, բայց կարողանո՞ւմ է լուծել: Սա՛ է խնդիրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա: «Իսկ եթե չի կարողանում լուծել, ապա ի՞նչ անել»,- մեր հարցին ի պատասխան՝ պատգամավորն արձագանքում է՝ այդ հարցում հայկական դիվանագիտությունից շատ բան կախված չէ: «Եթե չի կարողանում, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց՝ որպես միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել: Սրանք բացարձակ իմ մտորումներն են»,- բարձրաձայնում է ՔՊ-ական պատգամավորը:
ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ հաջորդ ազատման դիմում գրողը լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը: Ըստ լուրերի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն գնով ցանկանում է հրաժեշտ տալ նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի «թիմակից» համարվող դատավոր կամ գիտնական անդամներին, ու այդ անձանցից մեկը ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանն էր, իսկ հաջորդը լինելու է Դավիթ Խաչատուրյանը: Այս ամենը կապված է նաեւ այն որոշումները ստորագրելու հետ, որոնք կայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Նման բան չկա, այն որոշումները, որոնք ստորագրել եմ, իմ ներքին համոզմունքով ձեւավորված որոշումներ են, ես ապաքաղաքական մարդ եմ ու հրաժարական էլ չեմ ներկայացնի»: Անդրադառնալով իր եւ Կարեն Անդրեասյանի լարված հարաբերություններին՝ նշեց. «Այդ որ ասում եք՝ լարված, սկզբնական շրջանում աշխատանքային բան է եղել, հիմա հարթվել գնացել է»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից վերջին շրջանում իրականացված գնումները բավականին ուշագրավ են: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից 1 մլն 550 հազար դրամի Ռեգուլյար տեսակի բենզին է գնել: Գնումը կատարվել է մեկ անձից: Ըստ Մտավոր սեփականության գործակալության՝ Max Oil ապրանքային նշանի իրավատերը «Մաքս օիլ» ՍՊԸ-ն է (հիմնադրվել է 2017 թվականին): «Մաքս օիլ»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաեւ «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ-ի հետ վարչապետի աշխատակազմը պամանագիր է կնքել 290 հազար 430 դրամի չափով. այս գումարով իրականացվել է հանրային սննդի ծառայության մատուցում: Եվս 387 հազար 150 դրամի չափով էլ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է ստորագրվել «Էմ Բի Ջի Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գումարով եւս կազմակերպվել է հանրային սննդի ծառայության մատուցում: Նույն ՍՊԸ-ի հետ եւ կրկին հանրային սննդի ծառայության մատուցման համար վարչապետի աշխատակազմը եւս մեկ պայմանագիր է կնքած եղել՝ 784 հազար 250 դրամի չափով: Նշենք, որ «Էմ Բի Ջի Գրուպ» ընկերությանն է պատկանում «Ծիրանի» ռեստորանների ցանցը։ Միայն վարչապետի աշխատակազմը չէ, որ այս ՍՊԸ-ի հետ պայմանագիր ունի: 2020 թվականի մայիսի 21-ից մինչեւ 31-ը ներառյալ 11 օրվա համար մեկ անձից կատարվել է 12 միլիոն 291 հազար դրամի գնում Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի համար։ Գնումն այդ ժամանակ կատարվել է «Էմ Բի Ջի Գրուպ» ՍՊԸ-ից՝ COVID 19-ի դեմ պայքարում սննդի մատակարարման ծառայությունների դիմաց։