ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ ձայնով ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

 

Նախքան քվերակությունը արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ փաթեթում որոշակի փոփոխություններ են արել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, որոնք, նրա խոսքով, միտված են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելուն։

ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը, ասաց Սարգսյանը՝ պարզաբանելով՝ կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը:

Մասնավորապես, փոփոխություններ են արվել նաեւ զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում, Ոստիկանության կարգապահական կանոնագրքում։

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

«Այս փոփոխության ամենախորքային եւ ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն եւ նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է», – կառավարություն նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը նախագծին հավանություն էր տվել նոյեմբերի վերջին եւ հրատապ կարգով ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։

Ներքին գործերի նախարարություն եղել է նաեւ 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։

Նոր ստեղծվելիք նախարարությունը ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր։

Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաեւ այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն, ասաց փոխնախարարը՝ նշելով, որ ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալաները ՆԳ նախարարի առաջարկությամբ նշանակվելու եւ ազատվելու են կրկին վարչապետի կողմից։

«Այս փոփոխության ամենախորքային եւ ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն եւ նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է, եւ, ընդհանուր առմամբ, ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է, ղեկավարը՝ ապակուսակցական։

Իշխանականների հիմնավորումները, թե Ներքին գործերի նախարարություն են ստեղծում, որ բարեփոխեն Ոստիկանությունը, ընդդիմադիրների համար համոզիչ չէ։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում էր՝ իր տպավորությամբ՝ «իշխանությունը փորձում է տարբեր մարդկանց համար տարբեր պաշտոններ, տարբեր կառույցներ ստեղծել եւ դրանք ըստ նպատակահարմարության կիրառել»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:

 

 

 

ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրությունները կկայանան 2023 թվականի մարտի 26-ին։ Որոշումը կայացվեց երեկ՝ ԿՀԸ հերթական նիստի ժամանակ։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 1-ից եւ կավարտվի մարտի 24-ին։ Ընտրացուցակները հասանելի կլինեն 2023 թվականի փետրվարի 14-ից։

Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով եւ դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանության ձեւավորել։

 

 

ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն իրավունք ունի հաստատված բյուջեի 3 տոկոսի շրջանակում իրականացնելու վերաբաշխումներ: 2022 թ. իրականացվել են նման վերաբաշխումներ: Կապված օբյեկտիվ հանգամանքների հետ՝ անհրաժեշտություն է առաջանում մինչեւ տարեվերջ կատարել հավելյալ վերաբաշխումներ, որոնք պարունակում են որոշակի ռիսկ. հնարավոր է անցնել սահմանված 3 տոկոս սահմանաչափը: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ կառավարությունն առաջարկում է սահմանված 3 տոկոս սահմանաչափը միայն այս տարվա համար սահմանել 5 տոկոս:

««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը վերսկսվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 16-ի նիստում:

Հարցի կապակցությամբ ելույթ է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Պատգամավորի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է օբյեկտիվ իրողություններով եւ դրական ազդակների հետեւանք է: Խնդիրն առաջացել է նաեւ այն պատճառով, որ այս տարվա սեպտեմբերին բարձրացվել են թոշակները: «Եթե չբարձրացվեին կենսաթոշակները, գուցե այս փոփոխության կարիքը չլիներ: Բայց տարին լավ էր, տնտեսական աճի տեմպը բարձր էր, եւ մեզ դա հնարավորություն տվեց սեպտեմբերին թոշակները բարձրացնել, եւ բնականաբար, բյուջետային տողերում էական շեղումներ  առաջացան»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ նշելով, որ մյուս ոլորտներում եւս եղել են այլ հանգամանքներ, որոնց հետ կապված ներքին վերաբաշխումներ են իրականացվել:

 

 

ԿԱՐՈՂ Է

ՀԱՐՎԱԾԵԼ

Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է՝ Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցիներին, այսպես կոչված, բնապահպանական հարցերն ու Կաշենի հանքի էկոլոգիական հարցը գրեթե չի հետաքրքրում։ Նրանց նպատակն Արցախը հայաթափելն է։

«Ադրբեջանն ուզում է հասնել այն բանին, որ երբ ճանապարհը բացվի, մարդիկ դուրս գան Արցախից։ Ամեն ինչ դրա մասին է վկայում ու դրան է տանում։ Մնացած այլ տեսությունները, իմ համոզմամբ, ավելի շատ դավադրապաշտական են, քան թե իրական։ Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը բարդ ու ոչ միանշանակ է։ Ինչո՞ւ. որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը շահագործման է հանձնել Կաշենի հանքը, իրավական պարտավորվածություն ունի բրիտանական կազմակերպության առաջ, եւ այժմ էլ պարզ տեքստով ասվում է, որ ադրբեջանական կողմը պարտավոր է մուտքը ապահովել»,- նշում է նա։

Նախկին պատգամավորը հղում է անում նաեւ ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հոդվածներին, որտեղ ասվում է՝ եթե հայերը տեղի չտան ու դեպի հանք տանող ճանապարհը չբացեն, իրենք կարող են նաեւ օդային հարվածներ հասցնել, ընդհուպ՝ հանքը ոչնչացնել։

«Կարծում եմ, այո, Ադրբեջանն ունի նման սցենար։ Հանքին, միգուցե, ուղիղ հարվածներ չհասցնի, ու, չեմ կարծում, ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, բայց հարվածներ հանքին կլինեն, որ այնտեղ աշխատանքը կանգ առնի։ Այդ խոսակցությունն, ի դեպ, ընդհուպ մինչեւ պատգամավորների մակարդակով շրջանառվում է»,- շեշտում է ադրբեջանագետը։

 

 

 

ԳՅՈՒՂՈՒՄ

ԳԱԶ ՉԿԱ

«Դեկտեմբերի 16-ին՝ առավոտյան 12:00-ի դրությամբ  մեր գյուղում գազ չկա»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Իսկ թե ինչու գյուղում չի վերականգնվել գազամատակարարումը, Սամվել Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել:

Նշենք, որ նույն օրը՝ ավելի վաղ,  Armlur.am-ը գրել էր, որ առանց որեւէ նախապայմանների հարեւան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Միեւնույն ժամանակ ավելի քան 1100 մարդ, որից 270-ը՝ անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները, քանի որ Լաչինի միջանցքը դեռ փակ է:




Լրահոս