50ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության եւ բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։

 

«ՀՀ քննչական կոմիտեի միայն Արմավիրի եւ Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է  հիշյալ մարզերում ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու հատկանիշներով ընտանեկան բռնության 6 դեպք, որոնց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի (Մրգաշատ գյուղի), Տավուշի մարզի (Լուսաձոր գյուղի, Այրում, Կողբ, Այգեձոր, Ն. Աղբյուր բնակավայրերի) առանձին բնակիչներ տարբեր ամիսների  վիճաբանության ընթացքում քաշքշել են իրենց կանանց, հնչեցրել հայհոյանքներ, բռունցքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Առանձին դեպքերում անձինք այդ ոտնձգությունները կատարել են՝ խախտելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսված անհետաձգելի միջամտություն կիրառելու, այն է՝ տուժող մերձավորին որոշակի հեռավորությունից մոտենալու արգելքի մասին որոշումները։  Երկու այլ դեպքերում էլ պարզվել է, որ ծնողները ծեծի են ենթարկել իրենց անչափահաս որդիներին՝ նրանց թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով: Նախաձեռնված քրեական վերոնշյալ վարույթներով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վարույթն իրականացնող մարմինների կողմից մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար 6 անձի: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննված՝ ընտանեկան բռնության վերաբերյալ 53 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 56 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկում եւ զգուշացնում է, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած եւ գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում (օրինակ՝ սպանություն,  առողջությանը ծանր, միջին կամ թեթեւ վնաս  պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործություն եւ այլն) հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է  ծանրացնող հանգամանք: Բացի այդ, թեեւ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (բողոքի) հիման վրա, այսինքն՝ քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, սակայն ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց, օրինակ՝ հաշտության հիմքով:

 

 

 

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:

 

Համաձայն հրամանագրի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու եւ սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով եւ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը՝ որոշվել է.

l պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

l ըստ անհրաժեշտության՝ սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաեւ սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ,

l իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

l սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը,

l սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ,

l օպերատիվ շտաբի ղեկավարման համար օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին,

l ահմանել, որ շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար,

l Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարել սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ:

 

 

 

 

ՀԻՇՈՒՄ ԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում  Ժ. Անդրեասյանին  լավ են հիշում, քանզի ԿԳՄՍ  փոխնախարար եղած ժամանակ նա,  աշխատանքային այցով լինելով Տավուշի մարզում,  եղել էր նաեւ Ոսկեպարի միջնակարգ դպրոցում, սակայն չէր այցելել դպրոցի ուսուցչանոց, որպեսզի մի քանի բառով երախտագիտություն հայտներ սահմանամերձ դպրոցի ուսուցիչներին, որոնք  տարիներ շարունակ պատերազմական վտանգի պայմաններում, ցածր աշխատավարձ ստանալով, իրականացրել են երեխաների կրթության եւ դաստիարակության առաքելությունը։

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ  2022թ. նոյեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզում ցանվել  է 2827 հեկտար աշնանացան ցորեն։ Այս տարի գործում է ցորենի մշակման  սուբսիդավորման  պետական ծրագիր, տոհմային սերմով  յուրաքանչյուր  հեկտար ցորեն մշակողներին պետական բյուջեից  վճարվելու է 120 հազար, իսկ սովորական ցորտերով   ցանածներին՝  70 հազար դրամ։  Այդ գումարները պետք է վճարվեն այն բանից  հետո, երբ մարզպետարանի հաձնաժողովը տեղերում կստուգի ցանված  ցորենի հեկտարների չափերը։

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ

Դիլիջան  խոշորացված համայնքի  Հովք գյուղում   ապրում են Ադրբեջանից Հայաստան վերաբնակված  մեր  հայրենակիցները։ 2021թ. հուլիսից Հովք բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Նաղդալյանը հայտնեց, որ գյուղում կատարվել են ճանապարհների խճապատման, գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ։ Հովքն  ունի 2010թ.-ին կառուցված վարչական կենտրոնի շենք։ Փաստացի  480 բնակիչ ունեցող Հովքում չկա մշակութային որեւէ կենտրոն, որտեղ գյուղի բնակիչները կարողանան առնչվել մշակութային կյանքին։ Նախկինում գործում  էր Հովքը  համայնքի կենտրոն Դիլիջան քաղաքի հետ  կապող միկրովտոբուսային երթուղի, որը մի քանի ամիս առաջ փակվել է։ Հովքի վարչական ղեկավարը հայտնեց, որ գյուղի ըտանիքների մեծ մասը սեփական ավտոմեքենա  ունի եւ Դիլիջան քաղաք է մեկնում այդ մեքենաներով։ Նրա խոսքերով՝ Հովքի բնակիչների կապն ավանդաբար սերտ է եղել ոչ  թե Դիլիջան քաղաքի, այլ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հետ։ Հովքում բնակվում են ուսանողներ, որոնք սովորում են Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում։ Շաբաթվա աշխատանքային օրերին գործում  է Հովք-Իջեւան-Հովք միկրոավտոբուսային երթուղին։ Հովք գյուղի ամենացավոտ հիմանախնդիրը բնակավայրում սողանքային գոտու, սողանքից տուժած առանձնատների գոյությունն է։  Հ. Նաղդալյանի խոսքերով՝ գյուղում  կա մոտ 30 վթարային առանձնատուն, որոնք սողանքի հետեւանքով տարբեր աստիճանի վթարային են, սակայն այդ առանձնատների տերերից  իրենց   տների վթարայնության վերաբերյալ փաստաթուղթ ունեն  1-2 -ը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս