ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 158

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր ՀՀ վարչապետ դառնալուն պես ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաեւ այն աուդիտի ենթարկել: 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մեզ համար հաջորդ կարեւորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որը, ինչպես հայտնի է, հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի՝ նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքն արդյունավետ օգտագործվել», – ասել էր նա: 2021 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս արդեն հերքեց ավելի քան երկու տարի առաջ հնչեցրած իր իսկ խոսքը՝ հայտարարելով. «Պարտքից եկեք չվախենանք. երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»: Եվ, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է։ Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում է 9 մլրդ 933 մլն դոլար։

 

 

 

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր: Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են: «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր՝ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալը: «ՔՊ նախորդ վարչությունը (որի փոխնախագահն էի) դադարել է գործել կուսակցության հերթական համագումարից հետո, ինչի ժամանակ ընտրվել է նոր վարչություն, որ վարչության նոր նախագահ եւ փոխնախագահներ է ընտրել»,- կարճ՝ առանց մեկնաբանության պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը:

 

 

 

ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատել են եւ նշանակել Կենտրոնի դատախազ: Վերջինիս տեղափոխությունը քրեական գործով անցնողներին առավել վատ վիճակում է դրել, քանի որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված մարդիկ չգիտեն, թե այս տեղափոխությունից հետո ինչ է լինեու իրենց քրեական վարույթի հետ: Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Ու թեեւ այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին: Գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել: Ավելին՝ նրան ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազն էլ նոր պաշտոն է ստացել. արդյոք սա՞ է աշխատանքի արդյունավետության մասին պատկերացումը ՀՀ դատախազությունում…

 

 

 

Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթից հայտնի դարձավ, որ ավտոմեքենան գնվել է ֆիզիկական անձ Տարոն Կարապետյանից 9 մլն 700 հազար դրամով: Թալինի համայնքապետարանի աշխատակազմը գնումների փաստաթղթում «մոռացել է» նշել գնված ավտոմեքենայի մոդելը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ: «Այդ ավտոմեքենան համայնքի ղեկավարի համար է, նախկին մեքենաների «մատոռները» թափված էին, հին մեքենաներ էին՝ անմխիթար վիճակում գտնվող: Շահագործել եմ իմ անձնական մեքենան, առանց ոչ մի բանի. գիտեք՝ համայնքը ինչ վիճակում էր»,- ներկայացրեց Սափեյանը՝ միաժամանակ նշելով ավտոմեքենայի մոդելը՝ Mercedes: «Ժողովուրդ» օրաթերթը երիտասարդ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել գնել շուրջ 24 հազար դոլարանոց մեքենա այն դեպքում, երբ համայնքի բյուջեն այնքան էլ լավ վիճակում չէ: Մեր հարցին ի պատասխան՝ Սափեյանն ասաց. «Նորմալ գին է: Ի՞նչն է խնդիրը, ես ուզում եմ հասկանալ: Մենք այնպիսի մեքենա ենք ձեռք բերել, որ հինգ տարվա ընթացքում նույն մեքենան ծառայի համայնքին եւ գործերը թեթեւացնի»: Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Տավրոս Սափեյանը վթարի էր ենթարկվել Երեւանի Հրազդանի կիրճում: Ըստ ամենայնի, համայնքի ղեկավարը նոր մեքենայի կարիք ունի, քանի որ իր մեքենան դիմացի ավտոմեքենայի ուժգին հարվածից լուրջ վնասներ է կրել:

 




Լրահոս