Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեռեւս փոխնախարար եղած ժամանակ Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ մարզպետարաններին հասցեագրված շրջաբերականը, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել, բավականին մեծ աղմուկ է առաջացրել: Հիշեցնենք, որ, այդ շրջաբերականի համաձայն, դպրոցներում հետայսու կարող է արգելվել ռազմահայրենասիրական բոլոր տեսակի խմբակների գործունեությունը, քանի որ, ըստ ԿԳՄՍ-ի՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին ու Երեւանի փողքաղաքապետին ուղարկված շրջաբերականի, «դպրոցները պետք է խուսափեն ռազմական օգտագործումից»:
Տիկին Անդրեասյանի անմիջական հրահանգով՝ նախարարության լրատավական ծառայությունը գերատեսչությանը պաշտպանող հրապարակմամբ էր հանդես եկել՝ փորձելով հերքել, թե նման շրջաբերական է եղել: Նախարարությունը, սակայն, դա արել է մանիպուլատիվ երանգով. «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որեւէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել»: «Ժողովուրդ» օրաթերթը չի էլ գրել, թե վերոնշյալ շրջաբերականը հանրակրթական դպրոցներին է ուղարկվել, այլ նշել էինք՝ մարզպետարաններին, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին է հասցեագրվել:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ նախարարության կողմից տարածված, այսպես ասած, «պարզաբանումը» ոչ այլ ինչ է, քան աղմուկից հետո իրավիճակը մեղամցնելու փորձ: Ինչ վերաբերում է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության հետ կապված հարցերին, ապա, Տոնոյանի խոսքով, «Հայ ասպետ» դպրոցի դահլիճում բարձր դասարանի երեխաներն անցնում են մարտական պատրաստություն: «Եվ եթե հազար նախարար էլ փոխվի, մենք դա անելու ենք: Ես դա հրապարակավ էլ, առանց վախենալու ասում եմ: Մենք նամակ էինք ստացել նախարարությունից, որ դպրոցների դահլիճներն այսուհետ չեն տրվելու նման խմբերի: Դուք գիտեք, որ դպրոցների մարզադահլիճները վարձում են այդ խմբերն ու մարզումներ անցկացնում, քանի որ այլ տեղ հնարավոր չէ նման բան կազմակերպել, մանավանդ՝ ձմռանը: Մեզ նման պատերազմող երկրի համար այդպիսի խմբակները ու բանակային կյանքի նախապատրաստելը կարեւոր է: Չտիրապետել այդ ամենին հանցագործություն է: Ես պարտադրում եմ իմ սաներին տիրապետել ռազմական, զինորական այդ հմտություններին, քանի որ նրանք ավարտում ու գնում են բանակ, որ գոնե ինչ-որ կերպ պատրաստված լինեն… Գոնե տարրական բաներ չիմանա՞ն: Ավելին ասեմ՝ պետականորեն պետք է կազմակերպել եւ պարտադրել, որ երեխաները սովորեն, հմտանան»,- նշում է Տոնոյանը: Նախարարության առաջ բերած այն դիտարկմանը, թե «ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց», մեր զրուցակիցն արձագանքում է. «Կչկչան հավի տեղը առաջինն են իմանում, իսկ դուք (նախարարությանը նկատի ունի- հեղ.) ինչո՞ւ եք կչկչում, որ մեր թշնամին էլ իմանա, թե դպրոցների դահլիճներն ինչի համար են օգտագործում»: Իսկ որպեսզի նման թյուրըմբռնում չլիներ, ապա, Կարին Տոնոյանի համոզմամբ, նախարարը պետք է հրավիրեր դպրոցի տնօրեններին ու խորհրդակցեր նրանց հետ: «Հարգելի՛ նախարար, որ Դուք ոչ կոմպետենտ եք, մենք բոլորս գիտենք, որ իշխանություններն արհեստասվարժ չեն, դա էլ գիտենք: Կանչեիք, ասեիք՝ ինչպե՞ս անենք, որ նաեւ այս աղմուկը չբարձրանար: Բայց իրականությունը այն է, որ նրանք իրենց տերերին ցանկանում են ցույց տալ, որ մենք ապառազմականացնում ենք հասարակությանը, եւ մեզ պատրաստում են «խաղաղության պայմանագրի»: Նրանք ուզում են ցույց տալ, որ այլեւս երբեք զինված ատամ ցույց չենք տալու: Իհարկե, աղմուկից հետո նրանք փորձել են մեղմացնել իրավիճակը»,- ամփոփում է մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր մասնակցությամբ առաջին դատական նիստին ներկայացել է առանց գործի նյութերին ծանոթանալու, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է:
ՆԱՄԱԿՈՎ Է ԴԻՄԵԼ
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնն իր գործընկերների հետ համատեղ նամակով դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
«Գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով հազարավոր մարդկանց»,- գրել է Փելոնը:
ՊԱՇՏՈՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
Մինչ գործակարգավարականին անցնելը Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարին։
Շրջանի նոր թաղապետ է նշանակվել Արման Բարխուդարյանը։ Նշենք, որ Արման Բարխուդարյանը մինչ այս զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոհրդականի պաշտոնը:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկստագի բարեկամական խմբի եւ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության որոշ անդամների կողմից ի պատասխան նամակ է ստացել, որտեղ հասցեական դատապարտվել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հանգամանքը, որը բերել է մարդկային աղետի. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Մասնավորապես, վերջինիցս հետաքրքրվել ենք, թե, որպես ՀՀ ԱԺ նախագահ, այս օրերին ինչ է արել Ալեն Սիմոնյանը, ինչ բանակցությունների է մասնակից եղել:
Ի պատասխան՝ Ծովինար Խաչատրյանն ասաց, թե նույնանման բովանդակությամբ նամակներ են ուղարկվել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին: «Բոլոր միջազգային գործընկերներին ուղարկվել է նույն բովանդակությամբ տեքստեր: Նամակներ ուղարկելուց հետո նաեւ հասցեական պատասխաններ ենք ստանում: Բացի Շվեդիայից, արձագանքներ են եղել նաեւ այլ երկրների խորհրդարաններից, ճշտող զանգեր ենք ստացել եւ այժմ էլ դեռ արձագանքներ ենք սպասում»,- նշեց նա: Ծովինար Խաչատրյանն ընդգծեց՝ ելնելով իր պաշտոնի առանձնահատկությունից՝ Ալեն Սիմոնյանն անձամբ բանակցություններ չի վարում, սակայն այս օրերին աշխատում է միջազգային ասպարեզում:
ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ՏՆՕՐԵՆԻՑ՝ ՆԱԽԱՐԱՐ
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ֆինանսների նախարարությունը նոր ղեկավար կունենա: Խոսքը նախորդ տարվա օգոստոսին նախարարի տեղակալ նշանակված Վահե Հովհաննիսյանի մասին է: Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականին Երեւանում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունի հինգ երեխա:
Տեղեկացնենք, որ Հովհաննիսյանն իր աշխատանքային փորձը սկսել է 1999-2000 ականներից, երբ աշխատել է որպես «Հայներարտբանկ» ընկերության կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ, ապա զբաղեցրել է «Լուսակաթ» թռչնաբուծական ֆաբրիկայի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնը: Թռչնաֆաբրիկայում Հովհաննիսյանը մեկ տարի է աշխատել: Արդյոք Հովհաննիսյանը, պետական համակարգում նորեկ լինելով, կկարողանա ղեկավարել Հայաստանի ֆինանսների ոլորտը՝ ցույց կտա ժամանակը: Բացի այս, նորանշանակ նախարարը աշխատել է նաեւ «Ալֆա փլաս», «Օրանժ Արմենիա» ընկերություններում: Նա նաեւ փորձագետ աշխատել է Ասիական զարգացման բանկում: 2020-2021 թվականներին բազմազավակ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդականի պաշտոնը: 2018-2019 թվականներին Հովհաննսիյանը վարչապետի խորհրդականն է եղել՝ հասարակական հիմունքներով: