ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են
մարզի Նաիրիի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց
այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։
2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17։30-ի
սահմաններում, Զովունի բնակավայրի 1-ին փողոցում գտնվող գազաբալոնների տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն և կան
տուժածներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ կայանում ավտոմեքենայի վրա համապատասխան աշխատանքներ կատարելիս եղել է հեղուկ գազի արտահոսք, որի այրման
պատճառով տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով երեք անձինք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բացի այդ, վնասներ են կրել նաև կայանի շինությունները։
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքի վայրում գտնվող և դեպքին առնչություն
ունեցող մի շարք անձինք։ Նկատի ունենալով, որ կայանը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ, որտեղ մատուցվում են
գազաբալոնների տեղադրման, ինչպես նաև գազաբալոնների ստուգման ծառայություններ, վերցվել են վերջինիս գործունեությանն առնչվող
բոլոր փաստաթղթերը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական, դատապայթյունատեխնոլոգիական,
դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները պայթյունի պատճառները լիարժեք պարզելու
ուղղությամբ։