Քաղաքացիներին զրկել են հոսանքից, որպեսզի վերջիններս ազատեն տեղանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Աշտարակ մայրուղին այսօր մի քանի ժամ փակ է եղել: Մայրուղին փակողները Երևան-Աշտարակ ճանապարհի վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիներն են, որոնք արդեն 5 օր է, ինչ էլեկտրաէներգիա չունեն:

Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հուլիսին ՊՆ նախկին շենքն ամրացվել էր Պետական եկամուտների կոմիտեին, որը պետք է դառնար արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Սակայն այնտեղ այս պահին անօրեն կերպով բնակիչներ են ապրում: ՊԵԿ-ը տեւական ժամանակ է, ինչ պահանջում է քաղաքացիներից լքել տարածքը, սակայն անարդյունք: Եւ էլեկտրաէներգիան անջատել են, որպեսզի այդտեղ «հաստատված՚ քաղաքացիները դուրս գան շենքից: Ի նշան բողոքի նրանք այսօր փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին:
Բայց սա դեռ ամենը չէ:

Պարզվում է, որ էլէներգիայից զրկվել են նաեւ հարակից տարածքում ապրող եւ տնտեսական գործունեություն ծավալող տասնյակից ավելի քաղաքացիներ: Տնտեսվարող Հարութ Չիվչյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը. «Մենք զանգահարեցինք «Հայաստան էլեկտրական ցանցեր, որտեղից մեզ փոխանցեցին, որ «Վիվա Սել»-ն է դիմում ներկայացրել եւ պահանջել, որ անջատեն: Իսկ մինչ այդ՝ ՀԷՑ-ի աշխատողներն էլ վախեցել են մտնեն ՊՆ նախկին շենք ու այնտեղից անջատեն. շենքում ապրող բնակիչները սպառնացել են իրենց: Անգամ ոստիկաններ են եկել եւ մոտեցել բնակիչներին, բայց նրանց էլ են վռնդել այդտեղից: Ստիպված էլէներգիան անջատել են այդ տարածքին մատակարարող ենթակայանից»:

Քաղաքացու խոսքով, հարցին ոչ ոք չի կարողանում այդ հարցին լուծում տալ. «Երբ զանգահարում ենք ՀԷՑ, մեզ ասում են կմիացնենք, բայց ձգձգում են ու չեն միացնում: Մենք էլ այստեղ պահեստային կետեր ունենք, իսկ էլէներգիա չունենալու պատճառով վնասներ ենք կրում»:

Այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով ArmLur.am-ը փորձեցղ կապ հաստատել եւ ՀԷՑ-ի հետ եւ ՊԵԿ-ի, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Սյունէ Համբարձումյան 




Լրահոս