Ինչ հարցեր են քննարկել Ֆրանսահայ գործիչները Էմանուել Մակրոնի հետ. բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրա, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի հետ:

-Պարո՛ն Թորանյան, կարո՞ղ եք մեզ մանրամասներ փոխանցել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր եւ Մուրադ Փափազյանի հետ հանդիպման մասին։

-Ինձ համար դժվար է շատ մանրամասներ ներկայացնել: Մենք կիսվել ենք նախագահի հետ մեր մտահոգություններով: Հանդիպման ժամանակ բնականաբար խոսել ենք Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների մասին: Էմանուել Մակրոնը բավական ուշադիր էր լսում մեզ հանդիպման ժամանակ: Այն տեւել է ավելի քան մեկ ժամ: Նախագահն իր վրա մի քանի կետեր է վերցրել, որոնք չեմ կարող այստեղ բացահայտել:  Ես կարող եմ միայն ասել, որ նա շատ անհանգստացած է իրավիճակով: Նա հետևում է խնդրին եւ պատրաստվում է իր նախաձեռնություններով հանդես գալ ի աջակցություն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հուսով եմ՝  շուտով մենք տեղում կտեսնենք նրա ստանձնած պարտավորությունների արդյունքները։

-Ինչպե՞ս կարող է անել Ֆրանսիան Արցախը շրջափակումից դուրս բերելու համար: Ի՞նչ պատասխաններ ստացաք:

-Ֆրանսիան աշխարհի 5-րդ ամենամեծ երկիրն է։ Այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է եւ  իրավիճակի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ ունի։ Անկախ նրանից, թե դա Անվտանգության խորհրդում դիվանագիտական մակարդակով է արվում, թե այլ երկրների շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու շնորհիվ: Նախագահ Մակրոնը հոկտեմբերի 12-ին միլիոնավոր ֆրանսիացիների առաջ հեռուստատեսությամբ հայտարարեց. «Մենք չենք լքի հայերին»։ Երեկ նրան խնդրեցինք նախաձեռնություններ անել այս համերաշխությունը կոնկրետացնելու համար։ Եվ մենք հուսադրող պատասխաններ ստացանք։ Խոսք չի կարող անգամ լինել այն մասին, որ Ադրբեջանին թույլ տալ անպատիժ սպառնալ և ճնշել հայերին: Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան կարող է նոր նախաձեռնություններ ձեռնարկել դիվանագիտական մակարդակում՝ Անվտանգության խորհրդի և Եվրամիության մակարդակով։

-Դուք հանդիպմանը ներկա եք եղել Մուրադ Փափազյանի հետ, ում մուտքը Հայաստան արգելված է: Դուք խոսե՞լ եք դրա մասին։

-Նախագահը նշեց Մուրադ Փափազյանի հետ կապված իրավիճակի մասին: Մինչ նախագահի հետ հանդիպումն արդեն Մուրադի հետ որոշել էի չքննարկել խնդիրը։ Մենք չենք ցանկանում այս թեման դարձնել հիմնախնդիր Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերություններում և ոչ էլ Ֆրանսիայի իշխանություններին դնել արբիտրի կարգավիճակում։ Անգամ, եթե Մուրադը Ֆրանսիայի քաղաքացի է, և այն, ինչ կատարվում է նրա հետ, ինքնաբերաբար վերաբերում է նաև Ֆրանսիային։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Մուրադի Հայաստան գալու այս արգելքը հնարավորինս շուտ կվերացվի։ Այս անարդար որոշումը թուլացնում է մեզ հավաքականորեն, բայց մենք մտադիր չենք այս հարցում ներգրավել Ֆրանսիային։ Մենք ավելի լուրջ և հրատապ գործեր ունենք, որոնցով զբաղվել է պետք։ Էմանուել Մակրոնի հետ մեր հանդիպումը միայն մեկ նպատակ ուներ՝ խթանել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և կոնկրետ օգնություն ստանալ շրջափակումը ճեղքելու համար։ Սա էր ինձ և Մուրադի համար ամենակարևորը:

-Ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հանդիպումը։

-Գիտեք, որ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը գոյություն ունի ավելի քան 22 տարի: Մենք այս կազմակերպության մեջ համախմբել ենք Ֆրանսիայի գրեթե բոլոր հայկական միությունները, եւ մենք մեր տեղն ունենք Ֆրանսիայի քաղաքական դաշտում, մեզ հարգում են եւ հաշվի նստում: Եվ ես կարծում եմ, որ մեր գոյությունը թույլ է տվել Ֆրանսիային դառնալ Հայաստանի ամենամեծ աջակիցներից մեկը, ինչպես նաև հայկական հարցի հետ կապված հարցերում ամենանվիրված երկրներից մեկը։ Ժակ Շիրակի՝ նախագահ ընտրվելուց հետո մենք մշտական կապի մեջ ենք պետության բարձրագույն իշխանությունների հետ։ Հայաստանը միշտ կարողացել է հույս դնել CCAF-ի վրա՝ իր ձայնը լսելի դարձնելու և Ֆրանսիայի Հանրապետությունում իր շահերը պաշտպանելու համար: Դա մեր լինելու հիմնական պատճառներից մեկն է։ Մենք շարունակում ենք այս ուղղությամբ այն համոզմամբ, որ միասնությունն ուժ է։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս