Ռուսաստանն արձագանքել է Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ ձևաչափ ստեղծելու հնարավորությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալ միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսության զարգացմամբ։ Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան աջակցում է համագործակցության նման ձևաչափին, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը Ռուսաստանի պատճառով հրաժարվել է «3+3» բազմակողմ պլատֆորմի մասնակցությունից, Զախարովան պատասխանել է.

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալու միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ հարթակը նպաստի Հարավային Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել, ինչի մասին բազմիցս խոսել ենք, ինչի մասին գիտեն մեր գործընկերները:

Իսկ եթե այս նախաձեռնության հետևում երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- ընդգծեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերոհիշյալ պայմանավորվածությունները հիմք են հանդիսանում Երեւանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։

«Այս ձևաչափով 2020 թվականից սկսած՝ առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցության ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման ուղղությամբ»,- ավելացրել է Զախարովան։

Իսկ ինչ վերաբերվում է Հարավային Կովկասի համագործակցության ձևաչափին, Զախարովան հիշեցրել է, որ գոյություն ունի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակ։

«Այն արդեն իսկ ներառում է հարավկովկասյան երեք պետությունները, նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա, ի թիվս այլ բաների,պետք է աշխատի նրանց միջև առկա հակասությունները հարթելու, այդ թվում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ու հումանիտար կապերի զարգացման, ընդհանուր մարտահրավերների, սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք նշում ենք 3+3 պլատֆորմի զգալի ներուժը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար»,-եզրափակեց Զախարովան։




Լրահոս