Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգանում են․ փոխվարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիահույս է, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։

Փոխվարչապետն այս մասին ասաց Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Փոխվարչապետը իր ելույթում նախ շնորհավորեց Իրանի Իսլամական Հանրապետությանը Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի առթիվ և Իրանի ժողովրդին մաղթեց բարօրություն։ Նա նշեց, որ Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել է Իրանի յուրօրինակ հեղինակությանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ հայ և իրանցի ժողովուրդները ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային ամուր թելերով։

«Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակվում են թե՛ հայերիս, թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշները լինել։

Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Փոխվարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները ընթացել են զարգացման վերընթաց ուղով։

«Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։

Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականների ծրագրում։

Լիահույս ենք, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։ Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմաոլորտ օրակարգ։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածարջանային կայունության ամրապնդման»,- շեշտեց Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի համար Իրանը եղել է և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որը իր հավասակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։




Լրահոս