Շուտով՝ փետրվարի 6-ին, հեռուստադիտողի դատին կհանձնվի ռեժիսոր Ելենա Արշակյանի եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի «Երեք նամակ Բելլայից» նոր բազմասերիանոց ֆիլմը:
Նոր նախագծի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ սերիալի գլխավոր հերոսները ոստիկանության գեներալն ու իր ընտանիքի անդամներն են՝ ամեն մեկն իր պատմությունով ու խնդիրներով, որոնք հատվում ու բաժանվում են սերիալի ընթացքում: Գլխավոր հերոսների կերպարները կմարմնավորեն դերասանուհի Էթերի Ոսկանյանը եւ Թելման Խաչատրյանը, որոնց հեռուստադիտողը ծանոթ է դեռեւս «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից, եւ կարծում եմ նրանց կերպարները դեռ երկար կմնան հեռուստադիտողների հիշողության մեջ: Հեռուստադիտողը տեսնելու է մի շարք սիրված եւ հայտնի դերասանների, ինչպես նաեւ՝ դերասանների, որոնք ոլորտում անում են իրենց առաջին քայլերը: Եվ մեզ հետ զրույցում էլ հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը բազմիցս նշել է, որ ինքը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին, այն է՝ հարթակ տրամադրել նաեւ սկսնակ դերասաներին: Իսկ մյուս կերպարների մասին Անահիտը դեռեւս մանրամասնել չցանկացավ: Ի դեպ, նշենք, որ սերիալի նկարահանումները մեկնարկել են Միացյալ Նահանգներում, որտեղից էլ պատմվելու է Էթերիի ու Թելմանի հերոսների սիրո պատմությունը, իսկ այժմ նկարահանումները շարունակվում են Երեւանում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ArLur.am-ը գրել էր, որ Ելենա Արշակյանի «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալի մի դրվագի շուրջ առաջացած աղմուկի հերոսներից մեկը Էթերի Ոսկանյանն էր, իսկ հերոսը՝ դերասան Արսեն Լեւոնյանը: Արդեն մի քանի օր է ինչ համացանցում ակտիվորեն տարածվում եւ քննարկվում է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից մի դրվագ, որտեղ դերասան Արսեն Լեւոնյանը ձեռքով «համբուրում» է Էթերի Ոսկանյանի ճակատը, ինչն էլ հեռուստադիտողի եւ դերասանների շրջանում տարակարծության եւ լայն քննարկման առիթ է դարձել։ ArmLur.am-ը բարձրացված աղմուկի շուրջ զրուցեց ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, ով նշեց, որ շատ զարմացած է, եւ անգամ ծիծաղելի է համարում նման արձագանքը. սյուժեն նախապես այդպես է պլանավորված եղել։ Քույր եւ եղբայր չեն կարող այդպես իրենց պահել։ Ամեն դեպքում, Ելենան ընդգծեց, որ ժպիտով է վերաբերվում նմանատիպ բոլոր քննարկումներին։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԺՈՂՈՎՈԾՈՒՆ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Երաժշտական ընկերության եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ՝ «Կոմիտաս» հրատարակչության եւ «Էդիթ Պրինթ» ՍՊԸ տպարանի ջանքերով լույս է տեսել «Առնո Բաբաջանյան. երգեր ձայնի եւ դաշնամուրի համար» ժողովածուն՝ 750 տպաքանակ օրինակով։
«Այսօր դժվար է պատկերացնել հայ էստրադային երգի անցած պատմական ուղին առանց Առնո Բաբաջանյանի հիասքանչ երգերի»,- նախաբանում ընդգծել է ժողովածուն կազմող, Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, ԵՊԿ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։
Հրատարակության խմբագիրն է ԵՊԿ Կոնցերտմայստերական ամբիոնի վարիչ, դոցենտ Զառա Ղազարյանը, ձեւավորողը՝ Մկրտիչ Մաթեւոսյանը։
Ժողովածուն ընդգրկում է «Արիա-Վոկալիզ»-ը եւ տարբեր տարիներին հայերեն, ռուսերեն լեզուներով գրված ամենահայտնի 27 երգերը։
Կատարված աշխատանքը միայն երգերի հերթական հրատարակություն չէ։ Երաժշտական «պաուզաների» ձեւով տպագրության հեղինակները ներառել են Առնո Բաբաջանյանի կյանքն ու ստեղծագործությունն արտացոլող լուսանկարներ, դրվագներ որդու՝ Արա Բաբաջանյանի եւ ժամանակակիցների հուշերից, ինքնատիպ խորհրդանիշ է կոմպոզիտորի խառնվածքը ցայտուն «որսած» մեծն ռեժիսոր Վարդան Աճեմյանի գծանկարը։ Բարձրաճաշակ տպագրությամբ ժողովածուն ընդգրկում է նաեւ QR կոդով տեքստերի անգլերեն տարբերակը կարդալու հնարավորություն։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԵՊԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Harper’s Bazaar-ն ամերիկահայ գրող Թալին Ոսկունու Sorry, Bro ստեղծագործությունն ընդգրկել է 24 լավագույն սիրային վեպերի ցանկում, որոնք պետք է անպայման կարդալ։
Վեպը պատմում է գլխավոր հերոսուհի Նարե Բեդրոսյանի սիրային ապրումների մասին։ «Այն բանից հետո, երբ Նարե Բեդրոսյանը մերժում է իր՝ ոչ հայ ընկերոջ ամուսնության առաջարկը, նա խորասուզվում է Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի աշխատանքներով (մոր հորդորով, ով բազմաթիվ պոտենցիալ փեսացուներ է ներկայացրել): Բայց Էրեբունի անունով հայուհու հետ նոր ընկերությունը ստիպում է Նարեի սրտին թրթռալ եւ ձեռք բերել բնավորության այն գծերը, որոնք նախկինում չի ունեցել»,- ասվում է Harper’s Bazaar-ի հոդվածում:
Թալին Ոսկունին ամերիկահայ գրող է, ով մեծացել է Սան Ֆրանցիսկոյում՝ շրջապատված հարուստ հայ համայնքով եւ իր տաքարյուն ընտանիքով: Նա ավարտել է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան, եւ ներկայումս ապրում է Սան Ֆրանցիսկոյում՝ աշխատելով տեխնոլոգիաների ոլորտում: Բացի վեպեր գրելու իր նոր մոլուցքից, նա իր ազատ ժամանակն անցկացնում է իր երեխաների հետ, զբաղվում է այգեգործությամբ: Sorry, Bro-ն նրա կողմից հրատարակված առաջին վեպն է:
«ԹԱՆԿ ՎՃԱՐԵՑԻՆՔ»
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Ա Սերիայի հետնապահ «Կրեմոնեզեից» կրած 1:2 հաշվով պարտությունը՝ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։
«Շնորհավորում եմ «Կրեմոնեզեին»։ Նրանք երկու մեծ հաղթանակ տարան «Նապոլիի» եւ «Ռոմայի» նկատմամբ։ Տարօրինակ մրցաշար է, որը բարեհաջող է փոքր թիմերի համար։ «Կրեմոնեզեն» արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մենք թանկ վճարեցինք սարսափելի ցածր մակարդակի առաջին խաղակեսի համար. ֆուտբոլում այսպես էլ է պատահում:
Մարզիչի կարգավիճակում հազարից ավելի հանդիպումներից հետո ես նախընտրում եմ լինել օբյեկտիվ եւ ասել, որ մենք վատ խաղացինք եւ թանկ վճարեցինք դրա համար։ Մենք թիմ ենք։ Մեկ մեղավորի փնտրել չեմ ցանկանում»,- ասել է Մոուրինյոն:
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել «Ինտերը», «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն»։ Վերջին ուղեգիրը փետրվարի 3-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Լացիոն»։