ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալը նախկինում լրագրողի է հարվածել. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Պողոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ:
Նշենք, որ նախկինում Արտակ Պողոսյանը զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը, սակայն Վալերի Օսիպյանը նրան հեռացրեց աշխատանքից:

Ինչով է հայտնի դարձել հանրությանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի նոր տեղակալը, ինչպես իր ղեկավարը նա եւս լրագրողների դեմ գործողություններով է աչքի ընկել:
2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա են իրականացրել: Իրազեկման աշխատանքներին խոչընդոտել էին: Դեպքից հետո ոստիկանները ոչ թե խոընդոտողներին, այլ ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում են եղել

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:

Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե իբր ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:
Դեպքին հաջորդող օրերին ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Դեպքից 1 տարի 5 ամիս անց քրեական գործը կարճելիս ոստիկանությունը համարել էր, որ խախտումներ չեն եղել:
Անցնլով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Քնար Մանուկյան




Լրահոս