««Կոչ եմ արել Ադրբեջանին եւ Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան». ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը պատասխանել է Բերձորի միջանցքի շուրջ ձեւավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
l «ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերին ուղղված բազմաթիվ նամակներով ահազանգել էի Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակի, Ադրբեջանի կողմից շրջափակված 120.000 բնակչության կենսական խնդիրների վերաբերյալ։
l Դեսպանին ներկայացրել էի Ադրբեջանի կողմից ստեղծված հավելյալ խնդիրներն առ այն, որ վերջինիս ապակառուցողական վարքագծի հետեւանքով հնարավոր չէ մտնել Աղավնո-Բերձոր հատվածում տեղի ունեցած միջադեպի վայր եւ իրականացնել էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնողական աշխատանքներ, ուստի Արցախին էլեկտրաէներգիայի մատակարարման լրջագույն խնդիրներ են առաջացել ցուրտ ձմռան պայմաններում։
l Դեսպան Քարփենթերին տեղեկացրել էի նաեւ Արցախ տեղափոխվող 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ եւ հոգեբանական բռնության վերաբերյալ եւ հիմնավորել ադրբեջանցիների հանցավոր գործողություններում «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի հիմնարար դրույթների խախտման փաստերի առկայությունը։
Պրն Քարփենթերին խնդրել էի՝
l իր մանդատի/իրավասությունների շրջանակում ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ, որը տվել է հրաման ներխուժելու Արցախ տեղափոխվող երեխաների ավտոբուս եւ նրանց նկատմամբ իրականացնելու հոգեբանական տեռոր,
l ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու հայկական կողմի մուտքն Աղավնո-Բերձոր հատված՝ վերականգնելու Արցախին էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Դեսպան Քարփենթերը պատասխան գրությամբ շնորհակալություն է հայտնում իմ նամակների համար, որոնցում մտահոգություններ եմ բարձրաձայնել՝ Բերձորի միջանցքի հետ կապված եւ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
«Հավաստիացած եղե՛ք, որ Միացյալ Նահանգները իր դիտարկման ներքո է պահում հարցը ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում եւ Երեւանում իր դեսպանությունների միջոցով, եւ ես անձամբ ուշադրությամբ հետեւում եմ զարգացումներին։ …Կոչ եմ արել Ադրբեջանին եւ Ռուսաստանին վերականգնել անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան»,-նշում է դեսպանը։
Դեսպանը հավելում է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն է, եւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է՝ հասնելու այս հակամարտության համապարփակ եւ հաստատուն կարգավորման, որը շարունակվել է չափազանց երկար եւ խլել չափազանց շատ կյանքեր»։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմաոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել (2011 թվականին), առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:
Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:
Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են կրթության, գիտության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: «Կարծում եմ` ուղիղ թռիչքների գործարկումը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացմանը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը:
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արթուր Հարությունյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաեւ հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ա. Մնացականյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 01/08.1/4704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը եւ Ա. Հարությունյանի դիմումը՝
Արթուր Լեւիկի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 7-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախարարի հրամանում:
ՓՐԿԱՐԱՐՆԵՐ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ
Հայաստանը պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին օգնելու նպատակով:
Ինչպես վարչապետն իր սոցիալական կայքում գրել է, Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել Թուրքիային եւ Սիրիային: Այս ուղղությամբ այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում:
ԲԱՑԱԿԱՆ ԿՀԱՄԱՐՎԻ ՀԱՐԳԵԼԻ
Որեւէ հիվանդության պատճառով 2-3 անգամ բացակայած սաները դուրս չեն մնա նախադպրոցական հաստատությունից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում է կատարվելու:
Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության արդյունքում պարզել է, որ հատկապես աշնանային եւ ձմեռային ամիսներին երեխաների բացակայությունները մեծ մասամբ պայմանավորված են սուր շնչառական վարակների տարածմամբ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ սահմանված ձեւի փաստաթղթի հիման վրա՝ հիվանդության պատճառով չհաճախած օրերի բացակայությունը համարել հարգելի, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:
Այսինքն՝ 2-3 անգամ որեւէ հիվանդության պատճառով բացակայած սաները դուրս չեն մնա հաստատությունից, ինչպես գործող կարգի դեպքում է տեղի ունենում, այլ հիմնավոր փաստի առկայությամբ սանը կշարունակի ներգրավված մնալ նախադպրոցական կրթության մեջ:
Նշենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության սանի ազատումը հաստատությունից կատարվում է ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ, վարչապետի որոշմամբ, ՍԱՏՄ-ն նոր ղեկավար ունի:
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Նշենք, որ Արմեն Հայրապետյանը ֆինանսների նախկին փոխնախարարն է:
Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը օրեր առաջ էր ազատվել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից: