ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր պաշտոնավարման ընթացքում դեռ ոչ մի հանդիպում չի ունեցել Հայաստանի բուհերի ռեկտորների հետ: Նկատենք, որ դեռեւս պատմության մեջ չի եղել նման դեպք, որ ԿԳՄՍ նորանշանակ նախարարն այսքան երկար ժամանակով հետաձգի հանդիպումը բուհերի ռեկտորների հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը բուհերի խոշորացման շուրջ ձեւավորված հանձնաժողովն է, ինչպես նաեւ արդեն պատրաստ է համալսարանների օպտիմալացման ճանապարհային քարտեզը, որը նախարարը, ըստ երեւույթին, պատրաստվում է անակնկալ ձեւով ներկայացնել ռեկտորներին: Իսկ թե ինչն է խանգարել նախարարին հանդիպել ռեկտորների հետ, ArmLur.am-ը փորձեց պարզել նախարարությունից: «Նախարարի՝ պաշտոնի նշանակվելուց հետո տիկին Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ԿԳՄՍ նախարարության տիրույթում գտնվող մի շարք ոլորտների պատասխանատուների հետ, օրինակ՝ մարզական ֆեդերացիաներ, թանգարաններ, գրադարաններ, ինչպես նաեւ քոլեջների եւ դպրոցների պատասխանատուների հետ հանդիպում նույնպես նախատեսվում է, իսկ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպումը կկայանա առաջիկայում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախագծերի նպատակը բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:
«Նախագծերով հստակեցվում են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որը գործելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ եւ իրականացնելու է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը եւ ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊՈՐՏՈՒՄ ՆԱՀԱՆՋԵԼ Է
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022թ. «Սպորտի համաշխարհային վարկանիշ» (World Sport Ranking) հեղինակավոր վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ զիջելով դիրքերը 13 կետով:
Հարկ է նշել, որ 2014թ. ի վեր սպորտի համաշխարհային վարկանիշի բազմաչափ բազան հնարավորություն է տալիս համեմատել բոլոր այն երկրների սպորտային ձեռքբերումները, որոնք ունեն Ազգային օլիմպիական կոմիտեներ: Այսպիսով, վարկանշային աղյուսակի վերջին 9 տարիների տվյալների ամփոփումը ցույց է տալիս, որ լավագույն արդյունքը գրանցվել է 2019թ., երբ Հայաստանը զբաղեցնում էր 85-րդ տեղը՝ նվաճելով 222 մեդալ:
Հիշեցնենք, որ սպորտի ոլորտի այսօրվա պատասխանատուները հայտարարում են, որ սպորտի բնագավառում Հայաստանը գրանցել է 306 մեդալ աննախադեպ արդյունքը, սակայն փաստն այն է, որ սպորտի համաշխարհային վարկանշային աղյուսակում 2022թ., 2019թ. համեմատ, զիջել է դիրքերը 20 կետով: Այս ամենից պարզ է դառնում, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի եւ փաստերի խեղաթյուրման հետ, քանի որ «աննախադեպ» է ոչ թե մեդալների քանակը, այլ վարկանշային աղյուսակում դիրքերի հետընթացը: Եվ ամենակարեւոր հարցը. ո՞ր սպորտաձեւերից են նվաճվել վերոնշյալ 306 մեդալները:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տունը պաշտոնապես հայտարարվել է Երեխաների ազգային դաշինքի (NCA) գործընկեր։ «Balenciaga-ն եւ Kering հիմնադրամը հայտարարում են Երեխաների ազգային դաշինքի հետ եռամյա ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակներում Balenciaga-ի աջակցությունը NCA-ին թույլ կտա վերապատրաստել մանկապղծության ենթարկված երեխաների հետ աշխատող շուրջ 2000 մասնագետների եւ մասնագիտացված հոգեբանական աջակցություն ցուցաբերել մոտ 55000 երեխայի», – ասվում է նորաձեւության տան հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ համագործակցությունը կհեշտացնի բռնություն վերապրած երեխաների համար դաշինքի բժշկական օգնությունից օգտվելը, հնարավորություն կտա մեծահասակներին կրթել երեխաներին մանկապղծությունից պաշտպանվելու եւ հանրությանն այս խնդրի մասին տեղեկացնելու հարցերում:
«ՄԱՐՍԵԼԸ» ՀԱՂԹԵՑ ՊՍԺ-ԻՆ
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը «Մարսելի» համար առաջինն էր փարիզյան թիմի հետ տնային խաղերում 2011թ? նոյեմբերից։ Այն ժամանակ «Մարսելը» «Վելոդրոմ» ստադիոնում ՊՍԺ-ին Ֆրանսիայի առաջնության խաղում հաղթել էր 3:0 հաշվով։ «Մարսելը» բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ին տնային խաղերում չէր հաղթել 9 հանդիպում անընդմեջ։ Նախորդ անգամ «Մարսելը» ՊՍԺ-ին պարտության էր մատնել 2020թ. սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի առաջնության խաղում, սակայն հանդիպումը տեղի էր ունեցել Փարիզում։
«ՇԻՐԱԿԸ» ՊԱՐՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի Բելեկ քաղաքում մարզական հավաքի մեկնած «Շիրակ»-ն անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը։ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը 0:1 հաշվով պարտվել է ղազախական «Մակտարալին»։ «Խաղից խաղ տեսնում ենք առաջընթացը: Այս անգամ մրցակիցը Ղազախստանի Պրեմիեր լիգայի թիմ էր: Պարտվեցինք, բայց հաշիվը չի արտացոլում խաղի իրական պատկերը: Ոչնչով չենք զիջել մրցակցին: Բավականին լավ ֆուտբոլ խաղաց թիմը: Այս պահին գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Ունեինք գոլային շատ լավ պահեր, արագ գրոհներ, կար նաեւ եզրափակում, դիպուկությունը պակասեց: Լավ ագրեսիվ ֆուտբոլ խաղացինք: Գոլն էլ վերջում բաց թողեցինք: Տղաների գործողություններում ու ընդհանուր թիմի մոտ պրոգրեսն ակնհայտ է: Միեւնույն ժամանակ դեռ շատ տեղ ունենք ավելացնելու, աշխատելու՝ թե՛ ֆիզիկական վիճակի հետ կապված, թե՛ տեխնիկատակտիկական: Շարժվում ենք առաջ»,- ասել է Էդգար Թորոսյանը. փոխանցում է «Շիրակի» մամուլի ծառայությունը: Հաջորդ ստուգողական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին. Գյումրու թիմի մրցակիցը կլինի ռուսական «Կուբանը»: