ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 163

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 22-ին՝ պատերազմից 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Շուշիում հայտարարում էր. «Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»։ Արդեն անցել է երկու տարի, եւ հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում,  այլ, սխալված չենք լինի, եթե ասենք, Արցախը մոռացության է մատնվել իշխանությունների կողմից եւ շրջափակված է մնում դեկտեմբերի 12-ից: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքն արգելափակված է: Գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանումների պատճառով Արցախի ջերմոցներում ցրտահարվում է չհասունացած բերքը: Այլ տվյալներ եւս. 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում, 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 249 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 640 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 հիվանդ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։  Այս ամենը նշանակում  է, որ Նիկոլ  Փաշինյանը հերթական անգամ արել է հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել՝ այդպիսով մոլորեցնելով հանրությանը եւ խաբելով:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Շիրակի մարզի Անի  եւ Սյունիքի Սիսիան խոշորացած համայնքներում: «Հայաստան» դաշինքը մտադիր էր Սիսիանում առաջադրել իր թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը նաեւ նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը եւ հարազատ է սիսիանցիների համար:  Երկար քննարկումներից հետո թիմակիցներին, սակայն, չի հաջողվել համոզել Սարգսյանին առաջադրվել Սիսիանում: Տեղեկացանք, որ  Արթուր Սարգսյանը, նախ, ժամանակ է ուզել թիմակիցներից որոշում կայացնելու համար, ապա վերջերս հայտնել է, որ չի ցանկանում առաջադրվել: Վերջինս թիմակիցներին ասել է, որ ցանկանում է մնալ օրենսդիրում եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  ՀՀ քննչական կոմիտեն ստացել  է նաեւ Ազատ գյուղի կացարանում  կենդանի  մնացած  երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի  հետքեր չեն եղել զինվորի եւ զինծառայողի մարմիններում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից  ի  պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»: Նշենք, որ թմրաբանական  փորձաքննության  էր  ենթարկվել Ազատ գյուղի կացարաններից մեկի հրդեհի հետեւանքով 15 զինծառայողների  մահվան  գործով անցնող սպան՝ Եղիշե  Հակոբյանը, եւ մի զինվոր:

 

 

 

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի կողմից ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծերի փաթեթը քննադատության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության կողմից: Նախ՝ նշենք, որ այս նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը: Ընդհանուր առմամբ, փորձաքննության արդյունքում վրիպակներ են արձանագրվել, որոնք խոսում են պատգամավորի ներկայացրած աշխատանքի փնթի լինելու մասին: Օրինակ՝ եղել են էջեր, որոնք համարակալված են,  եղել են էջեր, որոնք համարակալված չեն եղել, եւ առաջարկվում է նախագծում մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսեւորել միասնական մոտեցում: Միեւնույն ժամանակ, նախագծի 1-ին գլխի համարը տեքստից առանձնացված չէ որեւէ կետադրական նշանով, նախագծի մյուս գլուխների համարները գլուխների տեքստից բաժանված են միջակետերով: Այստեղ եւս առաջարկվել է ապահովել Նախագծի գլուխների համարակալման միասնական մոտեցում: Փորձաքննության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները:  Ելնելով այս դիտարկումներից՝ նաեւ անհրաժեշտ են համարում կատարել խմբագրական փոփոխություններ: Այլ խնդիրներ եւս արձանագրվել են, ընդհանուր առմամբ՝ 19 էջ: Եկել են այն եզրահանգման, որ նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Հիշեցնենք նաեւ, որ Մերի Գալստյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ էր:

 




Լրահոս