Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են. Աննա Վարդապետյանը հանդիպել է ապագա իրավաբաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ
Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել
են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը,
պատասխանել են նրանց հարցերին:

Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում,
ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից
զերծ դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակների, վարույթների ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ
պատճառների, դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության ընթացքում անհրաժեշտ հատկանիշների, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք կարգավորումների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգի և այլ հարցերի մասին:

Ուսանողուհի Լուիզա Լոքյանի հարցին, թե ինչպես կարող են դատավորները, դատախազները զերծ մնալ
տարբեր տեսակի ազդեցություններից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է՝ մեջբերելով հույն փիլիսոփա
Արիստոտելի խոսքը. «Օրենքը հույզերից ազատ բանականությունն է»: «Սա լավագույն բանաձևն է: Օրենքի
կիրառումը պետք է ազատ լինի հույզերից: Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ
փաստերը համառ են», – ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը խորհուրդ է տվել ուսանողներին ուշադրություն դարձնել կարդացած գրականության
որակին: «Ինչպես չեք ընդունի անորակ սնունդ, այնպես էլ չպետք է կարդալ անորակ գրականություն ու տեքստեր:
Մեզ տրված ժամանակն արժեքավոր է և այն պետք է ծախսենք դրական ու որակյալ «կալորիա» ունեցող գիտելիքի
վրա», – ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալներ Սրբուհի Գալյանը և Գևորգ Բաղդասարյանը ուսանողների հետ
զրույցում անդրադարձել են իրենց համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին, առկա խնդիրների լուծման ուղղություններին:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության
կազմավորման պատմությունը, նպատակները և գործառույթները՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային բարիքը պետությանը վերադարձնելուն:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ
պաշտպանության համար անհրաժեշտ հատկանիշներին և դրանցից առանձնացրել հոգեբանական կայունությունը, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու կուտակած գիտելիքը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության
թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանն ու զարգացման ընթացքին:

Գլխավոր դատախազությունում ուսանողների հետ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:




Լրահոս