ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ստեղծված ճգնաժամը գնալով խորանում է: Ադրբեջանը ոչ միայն փակել է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ավելին՝ օրեր առաջ էլ ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակել է Արցախի ոստիկանության հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետեւանքով Արցախի երեք ոստիկան մահացել էին: Հակառակորդը նույնպես կորուստներ կրել է:

 

Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է բանակցությունների դուրս գալ ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական կողմին ընդառաջ: Արցախում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

– Տիկի՛ն Էլիբեգովա, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին վերադառնալ բանակցային դաշտ:

-Ադրբեջանի համար կա բանակցությունների ընդունելի մի տարբերակ. իրենք պատրաստ են բանակցել միայն արցախահայերի ռեինտեգրման շուրջ, այսինքն՝ Ադրբեջանը չի դիտարկում որեւէ քննարկում՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված, հետեւաբար խոսել այն մասին, որ Արցախը պետք է ինքնուրույն բանակցի Բաքվի հետ, այս պահին իրատեսական չէ: Հայաստանի իշխանությունները փաստացի ձեռքները լվացել են Արցախից եւ հրաժարվում են բանակցել ինքնորոշման իրավունքի շուրջ, հետեւաբար եթե մենք խոսում ենք Ադրբեջանի հետ բանակցություններից, ապա դրանք շատ սահմանափակ ռեսուրս ունեն. կան սահմանափակ հարցեր, որոնց շուրջ Ադրբեջանը պատրաստ է բանակցել:

-Վերջերս Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի հատվածում, ինչի հետեւանքով զոհեր ունեցանք: Ստացվում է՝ Ադրբեջանը ոչ միայն շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, այլ նաեւ սպառնում է նրանց ֆիզիկական անվտանգությանը:

-Նման սադրանքներն Ադրբեջանի համար սովորական են, երբ իրենց բանակցային պահանջները չեն բավարարվում, իրենք ուժով ստիպում են գնալ զիջումների: Մենք վերջին երկու տարիներին անընդհատ սա տեսնում ենք:

-Հաագայի դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որն արդեն 80 օրից ավելի է՝ փակ է, սակայն Ադրբեջանն անտեսում է դատարանի որոշումը. ի վերջո, Ադրբեջանը կենթարկվի՞ միջազգային դատարանի որոշմանը:

-Եթե չկա սանկցիաների տեսքով ճնշում Ադրբեջանի վրա, ինքը կարող է թույլ տալ իրեն չենթարկվել պահանջներին, որովհետեւ Ադրբեջանն այսօր Եվրոպային գազ է վաճառում, ինչի կարիքն ունի Եվրոպան: Տնտեսական այս համագործակցության հաշվին Ադրբեջանը լոբբինգ է անում իր քաղաքական նկրտումները, իր տեսանկյուններն է առաջ տանում: Այսինքն՝ եթե չլինեն սանկցիաներ (իսկ Եվրոպան սանկցիաների չի գնա, քանի որ Ադրբեջանն իրենց գործըկերն է), ապա Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ չկատարել որոշումներ եւ չենթարկվել միջազգային հանրության ճնշումներին, որոնք բավարար չեն այս պահի դրությամբ: Այն պահից, երբ մենք կխոսենք Ադրբեջանին՝ որպես ագրեսոր ֆիքսելուց, երբ ոչ թե երկու կողմերին զսպվածության կոչեր կանեն, այլ իրերն իրենց անուններով կկոչեն, հստակ կմատնանշեն՝ ով է մեղավոր, գուցե իրավիճակը փոխվի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս 168-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետեւից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով: Պարո՛ն Մելիքբեկյան, պարո՛ն Նիկողոսյան, դուք ինձ խանգարում եք»: Նա պատմել է, որ ոստիկանները ներխուժել են «Փյունիկ»-ի ակադեմիա, որպեսզի ծանուցում տան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին սեփական կարծիք ունենալու համար, եւ դա արել են բավականին հանդուգն ձեւով:

 

Իսկ ինչի՞ց է սկսվել պատմությունը: Պարզվում է՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին հարցազրույց է տվել ու ասել. «Բանակային կենտրոնական մարզական ակումբ սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, եւ ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց իրենց ծանոթների եւ ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն ե՛ւ ֆուտբոլի, ե՛ւ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա՝ Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Խոսքս հիմնավորելու համար ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային. նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ եւ ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում եւ իր տարիքային հավաքականում։ Նա նաեւ սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։ Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ եւ ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ եւ անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի եւ նույնիսկ նրանից երիտասարդ, բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։ Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները  հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի, եւ կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։ Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում եւ ԲԿՄԱ-2-ում»: Այսինքն՝ ՀՖՖ-ն ԲԿՄԱ-ն վերածել է բանակից փախչողների ակումբի: Այն մարդիկ, որոնք ուզում են՝ իրենց երեխան լավ պայմաններում ծառայի բանակում, «դասավորում են»՝ հայտնվի ԲԿՄԱ-ում, իբրեւ թե պիտի շարունակի իր ֆուտբոլային կարիերան նաեւ բանակում, սակայն իրականում, երբ ծառայության ժամկետն ավարտվում է, նրանք թողնում են ֆուտբոլը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հրապարակումներ ունեցել է:  Եւ հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ տեղակալ Արմեն Նիկողոսյանը այս ճշմարտությունը բացահայտելու համար որոշել են ոստիկաններով հարաբերվել ֆուտբոլ աշխարհի ներկայացուցիչների հետ: Ունենալով Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը՝ ՀՖՖ նախագահը արշավ սկսեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ դեմ (դատի է տվել եւ այլն):

Իսկ ինչ վերաբերում է այն երիտասարդին, ում մասին խոսել է «Փյունիկ»-ի սեփականատերը, ապա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա Տիգրան Սարգսյանն է, որի մայրը ՀՀ ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է, իսկ հայրը՝ Դավիթ Սարգսյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հավատարիմ անձը, որը ՀՖՖ Բողոքարկման կոմիտեում է, ՀՖՖ գործկոմի անդամ է: Համենայնդեպս, նրա տվյալներն են համընկնում Սողոմոնյանի խոսքերի հետ: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ թիմում ընդգրկված՝ 1-ին զորակոչի 23 ֆուտբոլիստներից այս պահին 9-ը չեն զբաղվում ֆուտբոլով:

Բացահայտումները՝ առաջիկայում:

 

 

 

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ԷՐ

«Թուրքիան ի սկզբանե ներգրավված է եղել արցախյան խնդրում եւ պատերազմում. սա գլոբալ հայ-թուրքական պատերազմ է, այսիքն՝ մեր դեմ պատերազմում են Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ: Եթե 90-ականներին դա արվում էր անուղղակի, արդեն 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը բացահայտ էր ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական առումներով»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը.  «Թուրքիան շարունակում է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին Հայաստանի ու Արցախի դեմ պայքարում»:

Այն կարծիքը, թե Թուրքիան տարբերակված մոտեցում է ցուցաբերում կամ փորձում է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, թյուր պատկերացում է»,-ասում է Ռուբեն Մելքոնյանը:

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ՀԱԱԳԱՆ

«Ո՞ւր է Հաագան, ի՞նչ եղավ Հաագայի դատարանի որոշումը, որն այդքան PR-ում էր Նիկոլ Փաշինյանի «պերֆեկտ TV-ն». ասում էին, թե բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Հայաստանը հաղթել է, մի կողմ դնենք՝ միջազգային հանրությունն ինչպես էր մեկնաբանում Հաագայի դատարանի որոշումը»,-  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Հաագայի որոշումն ընդամենը Փաշինյանի PR ակցիայի համար էր արվում, ոչ մի տեղ ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկար, ոչ էլ ուղիղ ընդգծում կար այն խնդրի, որ 120,000 արցախցիներ գերության մեջ են: Այդ մարդիկ ամեն օր բախվում են նոր խոշտանգումների, ամեն օր թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան իրենց գլխին կանգնած է: Ակնհայտ է, որ այս ամենը շարունակական գործընթաց է լինելու»,- ասում է պատգամավորը:

Նյութերը՝  ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ




Լրահոս