ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային եւ սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող  12 անձ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

 

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 9 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արեւիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 276 հիվանդ։

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում եւ հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքներից, գրավել նաեւ Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն շարունակելով հայասպան քաղաքականությունը՝ Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված,  «բնապահպանների» բողոք-ցույց՝ Արցախի (Լաչինի) միջանցքը փակելով։ 100 օրից ավելի է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, ապրիլյան պատերազմի մասնակից,…  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացելու Արցախ-Հայաստան միջանցքը՝ ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։

 

 

 

ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 152 մլն 147 հազար դրամի չափով: Նախատեսված գումարը կուղղվի ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին եւ մարզադահլիճի համար գույքի ձեռքբերմանը:

Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, եւ նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում: Մարզադահլիճի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 554 մլն 276 հազար դրամ:

Ներկայում մարզադահլիճի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 92 մլն 623 հազար դրամ:

Միաժամանակ, նախատեսվում է նոր կառուցվող մարզադահլիճը համալրել համապատասխան գույքով, որի ձեռք բերման նպատակով կհատկացվի 59 մլն 524 հազար դրամ գումար:

Այսպիսով, որոշման ընդունմամբ կապահովվեն ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքները եւ գույքով համալրումը:

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0.2% ԳՆԱՃ:

2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 4.6%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.4% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 0.2%-ով:

2023թ. մարտին, փետրվարի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 7.0% եւ 1.5%-ով:

2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի 26.9% եւ 2.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 14.4% եւ 6.1% գնանկում:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, սակագներն աճել են 6.0%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.4%-ով:

 

 

 

ՊԱԿԱՍԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՐԱՑՆԵԼ

Տավուշի մարզում   բժիշկների պակաս է զգացվում, որը փորձում են մասամբ լրացնել։ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման 2-րդ հավելվածով՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղ, որից 3-ը՝ Տավուշի մարզին։ Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար եւ ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ։ Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն՝ ուսումն ավարտելուց եւ ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք  ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում։

 

 

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Տավուշի մարզպետարանից  ստացված  տվյալներով՝   Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում են 1830 ուսուցիչ եւ ուսուցչի օգնական։ Նրանցից 1722-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, 173-ը՝ բարձրագույն ոչ մանկավարժական կրթություն, 113-ը՝ միջին մասնագիտական կրթություն։ Մարզի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 27 թափուր հաստիք՝ տարբեր  առարկաների գծով: Տավուշի  մարզի հանրակրթական  դպրոցների տնօրենների մի մասը չունի բարձրագույն մանկավարժական կրթություն։ Ի պատասխան տեղեկատվական իմ հարցման՝  մարզպետարանից հայտնել  են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցների տնօրեններից  62-ն ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:

 

 

 

ԾԵԾԵԼ Է  ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Գեւորգ Հակոբյանի դատավարությունը։ Գ. Հակոբյանին մեղադրանք է առաւջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ   Ն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, 2021թ. մարտի 29-ին՝ ժամը 06:30-ից  06:40-ի սահմաններում, զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի մասնաշենքի մուտքի դիմաց զինվորական ծառայության պարտականությունները կատարելու՝ «Վեր կաց» հրամանից հետո ժամանակին չարթանանալու եւ շարք չկանգնելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս, կրտսեր սերժանտ Համլետ Դերձյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ձեռքերով քաշքշել եւ մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր  մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ. այդ հարվածների հետեւանքով Հ. Դերձյանի քթից արյուն է հոսել։ Գ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասվ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, այնուհետեւ՝ 1,5 միլիոն դրամ գրավը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս