«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խոր վրդովմունքով եմ հետևում այս օրերին բարձրագույն օրենսդիր հարթակում՝ Ազգային ժողովում ծավալվող «մարտերին առանց կանոնների»։ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և իշխող ՔՊ խորհրդարանական խմբակցությունը խիստ անհանդուրժող են ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, զրկում են նրանց իրենց սահմանադրական և ԱԺ կանոնակարգով նախատեսված իրավունքներից և հրահրում են լարվածություն։
Ի՞նչ է նշանակում՝ անվտանգության համազգեստավոր տասնյակ աշխատակիցների ուժերով ԱԺ ամբիոնն ազատել ընդդիմադիր կին պատգամավորներից։ Ո՛չ ԱԺ կանոնակարգը, ո՛չ էլ որևէ այլ նորմատիվ իրավական ակտ նման իրավունք չեն տալիս ԱԺ ղեկավարությանը։ Ընդդիմությունն ազատ է իրացնելու օրենքով չարգելված ցանկացած քաղաքական ակտիվություն, այդ թվում՝ ակցիաներ իրականացնելու։
Բովանդակային քննարկման, ԱԺ-կառավարություն խորքային հարցուպատասխանի, իշխանություն-ընդդիմություն ինստիտուցիոնալ բալանսավորման փոխարեն ազգովի ստիպված հետևում ենք էժանագին շոուների, որից ոչ ոք չի շահում, բայց զգալիորեն տուժում են պետության վարկն ու հեղինակությունը։ Մեր կուսակցության քաղաքական խորհուրդն ու անձամբ ես խստորեն դատապարտում ենք իշխանության նման կամայականությունը երկրի խորհրդարանում, կոչ անում հարգել Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով ընդդիմությանը տրված բոլոր իրավազորությունները, ի վերջո՝ հաշվի նստել այն իրողության հետ, որ իրենք սխալական են, և ցանկացած ոք իրավասու է հայտնել իր դժգոհությունն ու անհամաձայնությունն իշխանության գործողությունների հետ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով»։