Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կործանիչները Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում կալանել են ռուսական երեք հետախուզական ինքնաթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել են Գերմանիայի ռազմաօդային ուժերը։
«Գերմանիայի և Բրիտանիայի Eurofighter կործանիչներին ահազանգվել է՝ նույնականացնելու 3 ռազմական ինքնաթիռները: Երկու Սու-27 և մեկ Իլ-20 ինքնաթիռները Ռուսաստանից կրկին առանց հաղորդիչ ազդանշանի թռել են Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում», – նշված է հաղորդագրությունում:
Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, չունեն սեփական մարտական ավիացիա, ուստի 2004 թվականից նրանց օդային տարածքի անվտանգությունն ապահովում են ՆԱՏՕ-ի ուժերը։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները հերթով Բալթյան երկրներ են փոխադրում իրենց ինքնաթիռներն ու անձնակազմը:
Ինչպես հիշեցնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, ապրիլի սկզբին, ութամսյա ժամկետը լրանալուց հետո, Բունդեսվերը Բալթյան ծովի օդային տարածքի անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի առաքելությունը ռոտացիայի սկզբունքով հանձնել է Միացյալ Թագավորությանը: Մինչև ապրիլի վերջը Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Մեծ Բրիտանիային, իսկ մայիսի սկզբին կսկսվի գերմանական ինքնաթիռների տեղափոխումը Գերմանիա։