ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Ֆինլանդիայում զինվորականներ տեղակայելու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Ֆինլանդիան բանակցություններ են վարում երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ։ Ըստ ֆիննական Helsingin Sanomat թերթի՝ համաձայնագիր կնքելու դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը հնարավորություն կստանան անարգել օգտագործել Ֆինլանդիայի տարածքը վարժանքների և տեխնիկայի տեղակայման համար: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:

Բանակցությունների փուլերից մեկն անցած շաբաթ անցկացվել է Հելսինկիի Կատայանոկե շրջանում։ Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական բաժնի փոխղեկավար Միքայել Անթելը նշել է, որ համաձայնագրի տեքստը դաշնակիցների կողմից քննարկվել է «դրական և լուծումներ գտնելուն ուղղված ոգով»։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն խոսել է համաձայնագրի մասին՝ որպես Ֆինլանդիայի անվտանգությունն առավելագույնս բարձրացնելու միջոց՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կարևոր գործոն է այս հարցում։

Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ երկիրը: Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր սահմանը կրկնապատկվել է՝ հասնելով 2600 կիլոմետրի։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Մոսկվայի կողմից ցանկացած թյուրիմացություն, թյուրըմբռնում կամ սխալ հաշվարկ վտանգավոր է, քանի որ դա կարող է հակամարտություն հրահրել, իսկ ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության քաղաքականության նպատակը հակամարտությունների կանխումն է։ Ուստի, ըստ Ստոլտենբերգի, դաշինքին անդամակցությունը Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ դաշինքն՝ ավելի ուժեղ։

Deutsche Welle-ն նշում է, որ Ֆինլանդիան սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին։




Լրահոս