Հայաստանը եւ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ ինտենսիվ բանակցություններ են վարում: Շուրջ չորս օր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բանակցեցին Վաշինգտոնում, իսկ արդեն մայիսի 14-ին Բրյուսելում է սպասվում հանդիպում՝ երկրների ղեկավարների մակարդակով:
ArmLur.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Տեր Շահնազարյանի հետ ամփոփել է վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները: Քաղաքագետի հետ զրուցել ենք նաեւ Բրյուսելում սպասվող հանդիպման մասին.
«Այդ հանդիպումներից լավ բան սպասել պետք չէ, ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանն անկեղծ չէ հանրության հետ, մի բան հայտարարում են, մեկ այլ բան անում: Օրինակ՝ Վաշինգտոնում հայտարարեցին, որ կարեւոր հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չեն բերել, բայց դրան հետեւում է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում, սա նշանակում է, որ արտգործնախարարներն արդեն ինչ-որ բան պայմանավորվել են եւ նախապատրաստել են երկրների ղեկավարների հանդիպում»,-ասում է քաղաքագետը:
Խոսելով Բրյուսելում սպասվող հանդիպման մասին՝ քաղաքագետը նշում է՝ բացասական են սպասելիքները այդ հանդիպումից:
«Ինչ պայմանավորվում են Երեւանը և Բաքում՝ հօգուտ Ադրբեջանի են պայմանավորվում, լավ բան պետք չէ սպասել»,-ասում է Շահնազարյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան