ԺԱՄԱՅԻՆ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի մայիսի 1-ից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային եւ սակագնային փոփոխություններ. այս մասին տեղեկացնում է թանգարանը:

 

Ժամային նոր գրաֆիկը հետեւյալ տեսքն ունի՝

երեքշաբթի-կիրակի՝ 10։00-18։00,

ուրբաթ՝ 10։00-19։00 (թանգարանը նշված ժամանակացույցով կգործի մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը):

Հրապարակվել են նաեւ տոմսերի արժեքները՝

-մշտական ցուցադրության այցելության տոմս՝ 2500 ՀՀ դրամ,

-մշտական ցուցադրության բացատրության տոմսեր՝ հայերենով՝ 4000 ՀՀ դրամ,

-օտար լեզուներով՝ 5000 ՀՀ դրամ,

-կրթական ծրագրեր՝ 2000 ՀՀ դրամ:

Այցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝

-12 տարեկանից բարձր դպրոցականների,

-ուսանողների,

-Հայաստանի եւ Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների,

-ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների եւ փախստականների համար:

Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝

-մինչեւ 12 տարեկան երեխաների,

-Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,

-Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,

-Թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/,

-թանգարանային աշխատողների,

-երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,

-հատուկ խնամքի եւ կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,

-Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ եւ նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/,

-հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ եւ 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/,

-աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,

-բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների,

-ժամկետային զինծառայողների,

-ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/, լրագրողների՝ աշխատանքային բոլոր օրերին / անձը եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։

Փոփոխությունների համար հիմք է ընդունվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանը:

 

 

 

 

 

ՄԱՅԻՍԻ 1-Ը ՆՇՎԵԼ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՅՑԵՐՈՎ

Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ը, Հունաստանում նշում են զանգվածային գործադուլներով եւ ցույցերով, մասնակցում են արհմիությունները։

 

Բոլոր նավերը Մայիսի 1-ին կմնան նավահանգիստներում նավագնացային ընկերությունների արհմիությունների 24-ժամյա գործադուլի պատճառով։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները որոշել են մի քանի ժամ դադարեցնել աշխատանքը. Աթենքում ավտոբուսները եւ տրոլեյբուսները չեն աշխատի հերթափոխի ընթացքում՝ առավոտ ժամը 09.00-ից մինչեւ 21.00-ն։ Աթենքի մետրոն եւ տրամվայը չեն աշխատի ամբողջ օրը, չեն աշխատի նաեւ մերձքաղաքային գնացքները։ Սալոնիկն ամբողջ օրը կմնա առանց քաղաքային ավտոբուսների 24-ժամյա գործադուլի պատճառով։

Աթենքում տեղի կունենան խոշոր արհմիությունների ցույցեր։

«Համահունական մարտական ճակատ» (կԸԾժ) կոմունիստական արհմիությունը ցույց կանցկացնի խորհրդարանի մոտ՝ Սինտագմա հրապարակում։

Հունաստանի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (GSEE), Պետական ծառայողների արհմիության ADEDY բարձրագույն խորհուրդը  եւ Աթենքի աշխատանքի EKA կենտրոնը հանրահավաք կանցկացնեն Կլատմոնոս հրապարակում՝ կոմունիստներից մի քանի հարյուր մետր հեռու։

«Աշխատանքի օրը նշանային օր է աշխատանքային շարժման համար, այն նշանավորում է դասակարգային պայքարի, նեխած եւ բարբարոսական կապիտալիստական համակարգի տապալման ուղին, դեպի նոր հասարակություն՝ սոցիալիզմ-կոմունիզմ տանող ուղին»,- նշվել է Հունաստանի Կոմկուսի՝ տոնի առիթով տարածած հայտարարությունում։

Հույն կոմունիստների կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած ժողովրդական զանգվածային ելույթները եվրոպական շատ երկրներում ցույց են տալիս միակ ուղին, որը կարող է հանգեցնել մարդու կողմից մարդու շահագործման վերացմանը։ «Դրանք ցույց են տալիս, որ վարձու ստրկությունից բանվոր դասակարգի ազատագրման պայքարը կապիտալիզմի շղթաներից մարդկության ազատագրման ուղին է»,- նշվել է հայտարարությունում։

Հունաստանի Կոմկուսը զգուշացնում է, որ բուրժուական ցանկացած կառավարություն, որը կձեւավորվի մայիսի 21-ի ընտրություններից հետո, օբյեկտիվորեն կնպաստի հակաժողովրդական քաղաքականության սրմանը Հունաստանում, եւ կոչ է անում քվեարկել կոմունիստների օգտին։

 

 

 

 

 

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

«Այս պահին կենդանաբանական այգում ունենք 145-ից ավելի տեսակներ՝ 720-ից ավելի առանձնյակով: Տարվա  ընթացքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նոր կենդանիներով համալրելու՝ փոխանակումների ձեւով, առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտության»,- մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը:

«Ընդհանրապես, եվրոպական կենդանաբանական այգիներում արգելվում է կենդանիների առքուվաճառքը, փոխարենը կա կենդանիների փոխանակման  պրակտիկա: Օրինակ՝ մտադիր ենք բերել սպիտակապոչ գնու, աֆրիկյան 1-2 անտիլոպներ, բորենիանման շներ»,- ասաց նա:

Հարցին, թե վերջին շրջանում ինչ կենդանատեսակների անկման դեպքեր են եղել, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց. «Կենդանիների անկումը բնական պրոցես է բոլոր կենդանաբանական այգիների համար: կենդանաբանական այգիների համար. մոտավորապես 10 տոկոս անկումը համարվում է նորմայի սահմաններում, քանի որ  կենդանիները ծերանում են, հիվանդանում են, որոնց հնարավոր չէ բուժել: Նաեւ արուների միջեւ մրցակցության արդյունքում եւս վնասվածքներից կենդանիները կարող են մահանալ:

Անցած տարի մեզ մոտ անկումները 7 տոկոսի էլ չեն հասել: Շատ ուրախ ենք, որ այս տեսակետից բավականին նորմալ մակարդակի վրա ենք»:

Ինչ վերաբերում է 4-5 անգղերի անկմանը, նա միայն ասաց, որ դա եղել է  2022-ի սկզբին՝ մինչեւ իր՝ կենդանաբանական այգի տեղափոխվելը:

 

 

 

 

ԹԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝  ՆՎԻՐՎԱԾ ԱԼԻԵՎԻՆ

Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են արցախյան օկուպացված Մատաղիսում թիավարություն կազմակերպել՝ նվիրված Հեյդար Ալիեւի 100-ամյակին։

Թիավարության մրցումը տեղի կունենա Մատաղիսում (ադրբեջաներեն անվանումը՝ Սուղովուշան) եւ Մինգյաչեւիրում։ Կմասնակցեն ակադեմիական թիավարության, բայդարկաներով թիավարության եւ կանոեով թիավարության ավելի քան 100 ադրբեջանցի եւ օտարերկրացի մարզիկներ 20 երկրներից։ Թիավարության փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին Բաքվում։

Ինչպես նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները,  այս տարի թիավարությունն առաջին անգամ ներառվել է Կանոեի եվրոպական ասոցիացիայի օրացուցային պլանում։

Ավելի վաղ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել էր Բաքվում «Ֆորմուլա-1» գրան պրիի կազմակերպիչներին՝ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քաղաքականության մասնակիցը չդառնալու կոչով։ Կոչն անտեսվել է։ Այժմ Կանոեի եվրոպական ասոցիացիան էլ է միացել Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանածին քաղաքականությունը թաքցնելու փորձերին։




Լրահոս