Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 81 կողմ եւ 0 դեմ ձայնով ընդունեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները։ Իսկ ի՞նչ է սպասվում այս փոփոխությունների արդյունքում: ArmLur.am-ը ներկայացնում է կետերով՝
l գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալը։
l Կրճատվել են մինչեւ 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տեւողությունները, միաժամանակ սահմանվել է, որ մինչեւ 18 տարեկան անձինք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
l Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները (1. հնարավորություն է տրվում ոչ թե մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը, այլ նաեւ մինչեւ երկու, 2. սահմանվել են, իրենց կարգավիճակով պայմանավորված, կանանց տրամադրվող ընդմիջումների օգտագործման ճկուն մեխանիզմներ)։
l Վերանայվել են արձակուրդի կարգավորումները՝
– եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի,
– նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում,
– ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը,
– մինչեւ 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձեւակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։
l Աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաեւ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։
l Նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն։
l Գործատուին հնարավորություն է տրվում նաեւ արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը։
l Հստակեցվում են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը:
l Վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները։
l Սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ փոստային եղանակով կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջեւ փոխանակելով։
l Նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի (երբ աշխատողին տրամադրվել է արձակուրդ չաշխատած ժամանակահատվածի համար եւս) գանձում կատարել նաեւ այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ։
Փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ կմտնի երկու ամսից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է
2022 թվականին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Այս մասին երեկ՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս նշել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94.9%-ով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։
Թեեւ բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը բացահայտման տեսանկյունից դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) եւ ածանցյալների աճող տարածվածության մասին եւ արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները»,-ասաց նա:
Դատախազի խոսքով՝ նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում, նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ, սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայությունն են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական եւ հակաիրավական երեւույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության։
2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34.2%-ով աճ (2021 թվականին՝ 1034, 2022 թվականին՝ 1388): Բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12.5%՝ 2021 թվականի 23%-ի դիմաց:
«2022 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է նաեւ պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 563 դեպքով կամ 20.2%-ով աճ (2021 թվականին՝ 2794, 2022 թվականին՝ 3357)»,- ասաց նա:
ՄԵԾ ԾԱԽՍԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզպետարանը մարզի ընդամենը երկու ոլորտ՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ մարզի պետական առողջապահական հիմնարկներն է ղեկավարում, այն էլ՝ ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Տավուշի մարզպետարանը 74 աշխատողներ, նաեւ թափուր հաստիքներ ունի, մարզպետարանի պահպանման, աշխատանքային գործունեությունն ապահովելու համար պետական բյուջեից գրեթե երեք տասնամյակ մեծ ծախսեր են արվում։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2023 թվականին Տավուշի մարզպետարանին կհատկացվի ընդհանուր 545 միլիոն 640 հազար 600 դրամ։ Այդ գումարի մեծ մասը՝ 379 միլիոն 404 հազար դրամը, կազմում է մարզպետարանի աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները։ Մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների համար 2023 թվականին նախատեսված է 48 միլիոն 121 հազար 800 դրամ, քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների համար՝ 24 միլիոն 47 հազար 400 դրամ։ Մարզպետարանի տարեկան ծախսերի մեջ առանձին տողերով նշված են մարզպետարանի էներգետիկ, կոմունալ ծառայությունները, ներքին գործուղումները, համակարգչային ծառայությունները, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունենրը, տեղեկատվական, կառավարչական եւ այլ ծախսեր։ Մարզի սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող բնակիչներին պետական բյուջեից աջակցելու համար, որպես սոցիալական օգնության դրամական արտահայտութամբ նպաստների գումար, ընթացիկ տարվա ընթացքում նախատեսված է հատկացնել 80 միլիոն դրամ։
ԱՆՈՐՈՇ ՊԱՏԱՍԽԱՆ
Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 24-ը ձմռանը ջեռուցվում է փայտ վառող վառարաններով։ Դա խնդիրներ է ստեղծում այդ դպրոցների համար անտառից վառելափայտ տեղափոխելու, այն տեղավորելու, վառելափայտը մանրացնելու, առավոտյան ժամերին՝ մինչ դասերը սկսելը վառարանները վառելու, դասերի ավարտից հետո մոխիրը վառարաներից հանելու, տեղափոխելու եւ այլ առումներով։ Պատահում է, որ դրսում ուժեղ քամի է լինում, վառարանի ծուխը, ծխատար խողովակից ետ մղվելով, լցվում է դասարանը՝ խանգարելով դասապրոցեսը, սեւացնելով դասարանների պատերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե առաջիկայում ինչ միջոցներ են ձեռնարկվում մարզի 24 հանրակրթական դպրոցներում արդիական ջեռուցման համակարգեր տեղադրելու համար։ Մարզպետարանից ստացվել է անորոշ պատասխան. այնտեղ նշված է. « Ջեռուցման համակարգեր անցկացնելու խնդիրը քննարկման փուլում է. այս պահի դրությամբ դեռ որոշված չէ, թե որ դպրոցներում են դրանք անցկացվելու»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ