ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության հիմնադրի բարեկամի կողմից ընկերության 3.003,890.851,76 դրամ գումարը հափշտակելու դեպքը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադրի մորաքրոջ որդին՝ Ռ.Ա.-ն, 1990-ական թվականներից աշխատել է այդ ընկերությունում։ Այն զբաղվել է արդյունաբերական սարքավորումների, նյութերի, հումքերի ձեռք բերմամբ եւ դրանք տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքմենստանի Հանրապետության պետական ընկերություններին մատակարարմամբ, որոնք մեծամասամբ իրականացվել են պետական գնումների շրջանակներում կազմակերպված միջազգային մրցույթներին մասնակցելու եւ հաղթող ճանաչվելու արդյունքում։
2009 թվականից սկսած՝ Ռ.Ա.-ն եղել է ընկերության ներկայացուցիչը Թուրքմենստանի Հանրապետությունում։ Մինչեւ 2012 թվականը ապրանքները Թուրքմենստանի պետական ընկերություններին մատակարարվել են ուղղակի եղանակով, եւ ընկերությունը, առանց որեւէ խնդրի, ստացել է մատակարարված ապրանքի գումարը։ Արդյունքում Ռ.Ա.-ի հանդեպ ընկերության ղեկավարության մոտ ձեւավորվել է վստահություն։
Ավելի արդյունավետ եւ դյուրին եղանակով աշխատելու նպատակով, ինչպես նաեւ Ռ.Ա.-ի առաջարկով ընկերությունը սկսել է մատակարարումներն իրականացնել Թուրքմենստանում գրանցված անհատ ձեռնարկատերերի միջոցով: Արդյունքում նշված անհատ ձեռնարկատերերի հետ ընկերության կողմից 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում կնքվել է ընդհանուր 15.639.903 ԱՄՆ դոլար եւ 15.840 եվրո արժեքով թվով 14 մատակարարման պայմանագիր, որոնց շրջանակներում Թուրքմենստանի պետական ընկերություններից անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվներին փոխանցվել է 8.158.297.31 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքմենական մանաթ։
Ռ.Ա.-ն, անձամբ կառավարելով ընկերության ֆինանսական ելքերն ու մուտքերը, կայացնելով միանձնյա որոշումներ, փաստացի տնօրինելով տվյալ երկրում մատակարարված ապրանքները եւ դրանց դիմաց վճարված գումարներ, 2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ կանխիկացումների եւ փոխանցումների միջոցով ուղղակի դիտավորությամբ հափշտակել է փաստացի իր կողմից ղեկավարվող 4 անհատների անուններով բացված անհատ ձեռնարկատերերի հաշվեհամարներին՝ Թուրքմենստանի Հանրապետությանը ՍՊ ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց փոխանցված առանձնապես խոշոր չափերի՝ 22.170.572,38 թուրքմենական մանաթին համարժեք 3.003,890.851,76 դրամ գումար։ Ապա, կեղծելով բանկային քաղվածքները եւ փոխանցումների բացակայության մասին վկայող փաստաթղթերը, նա ՍՊ ընկերության տնօրինությանը հավաստիացրել է, որ հափշտակված գումարները Թուրքմենստանի Հանրապետության կողմից անհատ ձեռնարկատերերի հաշվեհամարներին չեն փոխանցվել՝ այդկերպ հնարավորություն ստեղծելով իր համար տնօրինել հափշտակված գումարները:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ռ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը: Նախաքննության ընթացքում նրա կողմից կեղծիք կատարելու դրվագով որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Ռ.Ա.-ի մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթից անջատված մասի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀԱՅՀՈՅԵԼ ԵՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ «Ճամբարակ» տեղամասում իրականացվող ծառայության ընթացքում՝ 2023թ. մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, եւ զգուշացրել են հեռացնել այն։
Դրանից հետո ստուգելու նպատակով Գ. Նժդեհի փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, եւ պարզվել է, որ վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական։
Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի եւ ուղեւորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, եւ դիմել փախուստի։
Դեպքի վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 5-ին, առերեւույթ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել են նշված ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, 40-ամյա ուղեւորը եւ 29-ամյա մեկ քաղաքացի, որոնք հանդիսանում են Ճամբարակ քաղաքի բնակիչներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր վարութային եւ ապացուցողական գործողությունները դեպքի հանգամաքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
ԱՊՕՐԻՆԻ ՄԻԳՐԱՑԻԱ
2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:
Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը):
Վարույթի ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ 5 անձինք, նախնական համաձայնությամբ, 18 եւ 26 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել են Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացու անօրինական միգրացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, չորսի նկատմամբ՝ գրավը:
ՏՈՒԺԵԼ ԵՆ 5 ԱՆՁ
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին՝ ժամը 07։39-ին, ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն։
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են VAZ-2107 եւ VAZ-2106 մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Հ. Լ.-ն (ծնված 1996 թ.), Ա. Թ.-ն (ծնված 1988 թ.), Խ. Ը.-ն (ծնված 2006 թ.) եւ Հ. Ա.-ն (ծնված 1960 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ. Լ.-ի եւ Ա. Թ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Խ. Ո.-ինը՝ միջին ծանրության, իսկ Հ. Ա.-ինը՝ բավարար։
Փրկարարները VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Գ. Վ.-ին (ծնված 2002 թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։