ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` Ճամբարակ քաղաքում խուլիգանության եւ պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:
2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնող պարեկները Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, որը զգուշացումից հետո տեղափոխվել է:
Պարեկները օրենքով սահմանված կարգով նշված ավտոմեքենան ստուգելու նպատակով կանգնեցրել են այն, վարորդից պահանջել ներկայացնել փաստաթղթերը եւ պարզել, որ վերջինս մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի: Խոսակցությանը միջամտել է ավտոմեքենայում գտնվող ուղեւորը, որը, ինչպես պարզվել է, հանդիսանում է Ճամբարակ համայնքի ղեկավարը, իսկ վարորդը՝ Ճամբարակի համայնքապետարանի վարորդը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում 20-25 անձինք մոտեցել են, միջամտել վիճաբանությանը: Հավաքվածները սկսել են քաշքշել պարեկային ծառայողներին, հայհոյել, իսկ նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկներից մեկի դեմքի շրջանին եւ դիմել փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ պարեկի դեմքին հարվածած անձի ինքնությունը, որը նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1994թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքից ժամեր անց միջադեպի մասնակից նշված անձինք, պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա՝ որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի եւ վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Ճամբարակի 29-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ): Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՓՈՐՁԵԼ Է ՓԱԽՉԵԼ
Երեւանի Չարենցի փողոցում 28-ամյա եւ 37-ամյա երիտասարդների են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել են զենքեր եւ փամփուշտներ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները Չարենցի փողոցում գիշերը՝ ժամը 02։25-ին, հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալել եւ Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա եւ 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով 2 հրազեն եւ «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Ձերբակալման ժամանակ 37-ամյա վարդենիսցին փորձել է փախչել, սակայն ընկել է, գլուխը խփել մայթեզրին եւ ստացել վնասվածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ԻՐԱՆՈՒՄ
Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչություն իրականացնելու եւ Ղուրանն այրելու համար. հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական իշխանության մամուլի կենտրոնին:
Դատավճռի հիման վրա՝ մահապատժի են դատապարտվել Սադրոլլա Ֆազելի-Զարեն՝ Մարգարեին վիրավորելու, դավանափոխության, Մարգարեի մոր նկատմամբ աստվածանարգության, Ղուրանը այրելու միջոցով պղծելու, սուրբ հասկացությունները վիրավորելու եւ այլ անձանց մասնավոր լուսանկարներ հրապարակելու մեղադրանքով, եւ Յուսեֆ Մեհրդադը՝ Մարգարեին վիրավորելու համար։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մեհրդադն ու Ֆազելի-Զարեն, օգտագործելով իրանական հեռախոսային եւ ֆրանսիական վիրտուալ համարները, ստեղծել եւ կառավարել են համապատասխանաբար 15 եւ 20 ինտերնետային համայնքներ եւ ալիքներ, որոնք զբաղվում էին աթեիստական եւ հակաիսլամական քարոզչությամբ եւ վիրավորում էին մահմեդականների համար սրբազան հասկացություններն ու անհատներին։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են նաեւ տեսագրություններ, որոնք վկայում են այն մասին, որ նրանք այրել են Ղուրանը։
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 3 ՓՈՐՁ
Վարդենիսի «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վարդիթեր Համբարձումյանն ArmLur.am-ի հետ զրույցում ահազանգում է, որ կազմակերպության նկատմամբ հանցագործության 3 փորձ է արվել, հափշտակել են շենքի գույքային ռեսուրսները. «Վերջին դեպքը անցած տարի է եղել: Ճնշումների ազդեցության ներքո կարողացանք բացահայտել գողությունը, բայց քրեական վարույթին մինչ օրս ընթացք չի տրվել: Ահազանգս այն է, որ ոստիկանությունը եւ դատական մարմինները քնից արթնացան, որպեսզի այն կառույցը, որը հիմնադրվել է բարեգործական նպատակով, նորից ծառայի իր նպատակին»,- ասում է Մուրադյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Սեւան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է:
2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սեւան» ԲԿ է զանգահարել Սեւան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին եւ հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա, մասնավորապես՝ դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ եւ արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ դիակի վերին եւ ստորին վերջույթների վրա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը եւ ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Տուժողի որդին հարցաքննվել է եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: