Ադրբեջանական զինուժը հայտնվելու է Լոռու մարզի թիկունքում. անկլավների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում են անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։ Այդ հայտարարության վերաբերյալ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ասել է, որ Նոյեմբերյան համայնքում անկլավներ չկան, նոյեմբերյանցիներն ապրում են հայկական, իրենց հողում։

Տավուշի մարզում նախկինում ադրբեջանաբնակ 7 գյուղերի տարածքներ կան, որոնք արդեն 30 տարի ավերակ վիճակում են։ Դրանք բոլորը ադրբեջանաբնակ փոքր գյուղեր են եղել, բացառությամբ Ներքին Ոսկեպարի(Աշաղի Ասքիպարա), որը միջին չափի գյուղ էր։ Այդ 7 գյուղերն են Բաղանիս-Այրում, Վերին Ոսկեպար(Յուխարի Ասքիպարա),Ներքին Ոսկեպար(Աշաղի Ասքիպարա), Խերմիլի, Ղզլհաջիլի, Բարխուդարլու, Սոֆուլու։ Այդ գյուղերից խորհրդային ժամանակ միայն 2-ն են եղել անկլավ՝ Բաղանիս-Այրումը և Վերին Ոսկեպարը (Յուխարի Ասքիպարա), որոնք կղզիների նման լինելով խորհրդային Հայաստանի տարածքում՝ վարչականորեն պատկանել են Ադրբեջանի Ղազախի շրջանին, մնացած գյուղերը թիկունքով կպած են եղել Ադրբեջանին, 1990-ականների սկզբին տեղի ունեցած մարտերի արդյունքում այդ գյուղերի տարածքները հայտնվել են Հայաստանի զինուժի վերահսկողության տակ:

Այդ գյուղերի տարածքները հանձնելու դեպքում վտանգվելու է Հայաստան Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց- Ոսկեպար- Բաղանիս հատվածով երթևեկը, քանզի Խերմիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ոսկեպարը գտնվում են հենց այդ ճանապարհի եզրին։ Սոֆուլույի և Բարխուդարլույի տարածքների հանձնումով վտանգվելու է Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ հանարապետակյան նշանակության ավտոճանապարհով երթևեկը։ Վերին Ոսկեպարի տարածքի հանձնումով ադրբեջանական զինուժը հայտնվելու է Լոռու մարզի թիկունքում․ Լոռու մարզը դառնալու է սահմանամերձ, խոցելի։ Տարածքները հանձնելու դեպքում Ոսկեպարը որպես գյուղ չի կարողանալու գոյատևել, քանզի բոլոր արոտավայրերը հանձնվելու են Ադրբեջանին, ոսկեպարցիներն էլ միայն անասնապահությամբ են զբաղվում։

Այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում վտանգվելու է նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի կապը Տավուշի մարզկենտրոն Իջևանի հետ։ Նիկոլ Փաշինյանը փոխանակ հայտարարի, որ Տավուշի մարզի սահմանամերձ մոտ 10 հազար հեկտար հողատարածքներ արդեն 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, խոսում է անկլավները Ադրբեջանին պատկանելու մասին։

Խորհրդային ժամանակկոմունիստական կուսակցության շրջկոմի քարտուղարները, խորհրդային տնտեսությունների տնօրենները կաշառքով ադրբեջանցիներին հանձնել են Հայաստանի սահմանամերձ հողերը, անասնապահ, քոչվոր ադրբեջանցիները ժամանակի ընթացքում սեպի պես խրվել են Հայաստանի տարածքում, փոքր գյուղեր հիմնել, տներ կառուցել, այդպես են Հայաստանի հողում հիմնվել ադրբեջանական անկլավները։

Ոսկան Սարգսյան




Լրահոս